Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հալէպի հայաբնակ շրջաններում մայիսի 12-ին դարձեալ ինքնաշէն հրթիռներ են պայթել: Նոր գիւղ հայաբնակ թաղամասում գազի բալոնով պատրաստւած հրթիռի պայթիւնից զոհւել է ազգութեամբ հայ Յակոբ Գրդանեանը:

Հրթիռի պայթիւնի հետեւանքով՝ նաեւ վիրաւորներ են գրանցւել: Ինչպէս տեղեկացրել է «Բերիոյ լուրերի» ֆէյսբուքեան էջը՝ միջադէպի հետեւանքով՝ գրանցւել է նաեւ նիւթական լուրջ վնաս՝ աւերւել են բնակարաններ, վնասւել աւտոմեքենաներ:

Հայ է զոհւել նաեւ Քեսաբի շրջակայքում ընթացող մարտերի ընթացքում: Քեսաբի Չալմայի շրջանում սիրիական բանակի զինծառայողներից բացի, զոհւել է նաեւ տեղաբնակ հայերից Վարդան Անդրեանը, իսկ վիրաւորների թւում է Սարօ Պապուճեանը:

Հալէպում մէկ շաբաթից աւելի է ջրամատակարարում չի իրականացւում: Ջրի բացակայութեան, կեղտոտ ջուր օգտագործելու հետեւանքով՝ արդէն հիւանդութիւնների բազմաթիւ դէպքեր են գրանցւել:

Թէեւ հայկական դպրոցների, եկեղեցիների, եւ շրջանի մզկիթների բակերում փորւած հորերից հնարաւոր է լինում ջուր հանել, սակայն այն խմելու համար պիտանի չէ եւ օգտագործւում է բացառապէս կենցաղային նպատակներով: Խմելու ջուր խանութներում բաւական թանկ գնով է վաճառւում, եւ ամիսներ շարունակ առանց աշխատանքի ու եկամուտի մնացած մարդկանց համար խմելու ջուր գնելը թանկ հաճոյք է դարձել:

Հալէպում ջրի բացակայութեան համար տարբեր պատճառներ են բերւում, սակայն ամենահաւանականն այն է, որ «Ալ Ղայիդա»-ի հետ կապերով յայտնի «Ալ Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբաւորումը գրաւել է ջրամատակարարման կենտրոնն ու փակել է այն՝ մի քանի միլիոն մարդու թողնելով առանց ջրի: