Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Իրանի Նահատակների հիմնարկի նախաձեռնութեամբ, մայիսի 11-ի երեկոյեան, Թեհրանի «Միլադ» աշտարակի դահլիճներից մէկում կազմակերպւել էր միջոցառում՝ նւիրւած նահատակների ընտանիքներին`«Երկնային հայրեր» խորագրով։
Ծրագրին հրաւիրւել էին երկրի թէ՛ պետական, թէ՛ զինւորական պատասխանատուներ։
Երեկոն, որի սկզբում հայ նահատակների պատկերները սփռւեցին, յագեցած էր ելոյթներով եւ գեղարւեստական կատարումներով, նաեւ Սրբազան պաշտպանութեան տարիների մասին իրանական կինոյի հանրայայտ ռեժիսորներին, դերասաններին ու պրոդիւսերներին պարգեւատրումներով։
Օրւայ առիթով հրաւիրւել էր` արտայայտւելու նաեւ Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտ. Կարէն Խանլարեանը։
Պատգամաւորն իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի տարբեր ժամանակաշրջաններում ու բնագաւառներում, այդ թւում Սահմանադրական շարժման, Իսլ. յեղափոխութեան յաղթանակի եւ պարտադրեալ պատերազմի տարիներին, երկրի տարածքային ամբողջականութիւնը, պաշտպանելու գծով հայ քաջարի զինւորների սխրագործութիւններին եւ մեծ թւով հայ նահատակների առկայութիւնը համարեց Իրանական հայրենիքի նկատմամբ հայ ժողովրդի կապւածութեան ու նւիրւածութեան ապացոյցը։
Դկտ. Խանլարեանի ելոյթից յետոյ, որը ներկաների կողմից խիստ ընդառաջւեց, օրւայ հաղորդավարը գովեստով արտայայտւեց իրանահայութեան մասին։