Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Սիրիայում տիրող քաոսային իրավիճակը եւ Սիրիայի ու սիրիահայ համայնքի անմխիթար վիճակը համայն հայութեան մօտ բողոքի ալիք է բարձրացրել ընդդէմ ահաբեկիչների:

Սիրիահայութեանը եւ ի մասնաւորի քեսաբահայութեանը հովանաւորելու նպատակով՝ Թ.Հ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի նախաձեռնութեամբ երէկ՝ ապրիլի 16-ի առաւօտեան կազմակերպւել էր բողոքի համահաւաք, Թեհրանում Մ.Ա.Կ.-ի գրասենեակի դիմաց: Հաւաքը մեկնարկեց Իրանի պետական հիմնով, որից յետոյ իրաւաբան Թալին Բանդարին ընթերցեց օրւայ յայտարարագիրը: Յայտարարագրի մէջ ասւած էր. «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին Թուրքիան իր հակասիրիական դիրքորոշման եւ տարածաշրջանային նկրտումների շրջագծում, իրագործում է իր հակահայ քաղաքականութիւնրը, որի վերջին զոհերից է իր վաղեմի պատմութեամբ Սիրիայում գտնւող հայաբնակ Քեսաբ գիւղը»:

Օրւայ խօսքի մէկ այլ բաժնում դատապարտւելով Սիրիայում տիրող իրավիճակը ասւած էր. «Իրանի Իսլ. Հանրապետութեան պատասխանատուներից, որոնք միշտ քայլեր են կիրառել ի շահ տարածաշրջանի խաղաղութեան ու կայունութեան, պահանջում ենք չխնայել իրնեց դիւանագիտական ու քաղաքական ջանքերը՝ կանխելու նման դէպքերը, որպէսզի երաշխաւորւի տարածաշրջանի անվտանգութիւնը ու իսլ.-քրիստոնեայ խաղաղ գոյակցութիւնը»:

Համահաւաքին, որին մերթընդմերթ հնչում էին կարգախօսեր, ելոյթ ունեցաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպս. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը մասնաւորապէս ասաց. «Այսօր հազարաւոր հայորդիներ աշխարհի չորս ծագերում միասիրտ ու միախորհուրդ՝ արար աշխարհի ուշադրութիւնը ուզում են գրաւել մարդկային ոճրագործութիւնը հանդիսացող թուրքական հովանաւորութեամբ տեղի ունեցող արարքները Սիրիայում: Դժբախտաբար, աշխարհը վերածւել է անարդար աշխարհի: Ամերիկան եւ Եւրոպան փոխանակ արդարութեան եւ խաղաղութեան հետամուտ լինելու՝ մի կողմից կռւում են տերորիստական շարժումների դէմ, իսկ Սիրիայում հովանաւորում ու զինում են տեռորիստներին»:

Սրբազան Հօր ելոյթից յետոյ հրաւիրւեց՝ արտայայտւելու Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Նա յատուկ ընդգծեց. «Սիրիայի տագնապի նպատակն է խախուտ դարձնել այդ երկրի տարածքային ամբողջականութիւնը եւ հարեւան որոշ երկրների միջոցով ոչնչացնել տարածաշրջանում դիմադրութեան առանցքը, այդ առումով մասնակից են՝ Թալեբանի, «Ալ Ղայիդա»-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի գորշ գայլերի, սալաֆիների վարձկանները»:

Դոկտ. Խանլարեանը խօսելով Քեսաբի եւ քեսաբահայութեան մասին՝ ասաց. «Ցանկանում ենք հայութեան ձայնը լսելի դարձնել աշխարհին եւ Մ.Ա.Կ.-ին որպէսզի դադարի արեւմտեան պետութիւների նպաստը ահաբեկիչներին՝ Սիրիայում խաղաղութեան հաստատման ի նպաստ»: Նա իր գնահատանքի խօսքն ուղղեց Իրանի պատկան պատասխանատուներին՝ օրւայ հաւաքի թոյլտւութեան հարցով:

Պատգամաւորի արտայայտութիւններից յետոյ՝ Իսիկ Իւնանէսեանի միջոցով ընթերցւեց օրւայ բանաձեւը, որի մէջ դատապարտւել էին Սիրիայում վերջին երեք տարւայ դէպքերը եւ ոճրագործութիւնները, որոնց հետեւանքով՝ տարագրւել եւ զոհւել են հազարաւոր խաղաղ բնակիչներ:

Բանաձեւի մէջ յատուկ նշւած էր. «Անտարակոյս, այս չարաբաստիկ դէպքերի թիկունքում են կանգնած որոշ պետութիւնների ղեկավարներ, որոնք կարեւոր դեր են խաղացել այս դէպքերի գծով եւ Թուրքիան որպէս յիշեալ կառավարութիւններից մէկը՝ զինելով եւ գործուղելով տարբեր ազգութիւնների վարձկանների՝ ակտիւ դերակատարութիւն է ունեցել այս գծով»:

Համահաւաքի աւարտին երեքհոգանոց մի պատւիրակութիւն՝ բաղկացած Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանից, Կազմակերպիչ յանձնախմբի ատենապետ Հարմիկ Զովէլեանից եւ իրւաբան Թալին Բանդարիից, օրւայ բանաձեւը եւ յայտարարագիրը մի փաթեթով յանձնեցին ՄԱԿ-ի գրասենեակի պատկան պատասխանատուներին:

Նշենք, որ օրւայ հաւաքին ներկայ էին՝ հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Նշան արքեպս. Գարաքեհէեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի անդամներ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների, միութիւնների ներկայացուցիչներ, հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտներ եւ հարիւրաւոր ցուցարարներ: