Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org
Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի, Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Միաբանութեան ընդհանուր ժողովը, գումարւած հինգշաբթի՝ 3 եւ ուրբաթ՝ 4 ապրիլ 2014-ին, Անթիլիասի մայրավանքում, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, ամբողջական յանձնառութեամբ զօրավիգ է կանգնում Հայոց ցեղասպանութեան եւ պահանջատիրութեան միջազգային թէ՛ համազգային բոլոր ճիգերին, որոնք միտում ունեն արդարութիւն հատուցել մեր ժողովրդին եւ կանխարգելել մարդկային ընկերութեան մէջ այլ ցեղասպանութիւններ:
Իր ժողովրդի հետ տեղահանւած ու աքսորական մեր Կաթողիկոսութեան միաբանութիւնը մէկ ծիլն է այն հազարաւոր հոգեւորականների, որոնք, Ա Համաշխարհային պատերազմի քօղի տակ, Օսմանեան թուրք պետութեան կողմից կանխամտածւած, ծրագրւած եւ գործադրւած ցեղասպանութեան ընթացքում, թուրքական բարբարոսութեան ամենից դաժան միջոցներով կոտորւեցին Արեւմտահայաստանի, Կիլիկիոյ եւ Օսմանեան կայսրութեան այլ շրջաններում:
Հայոց ցեղասպանութիւնից եւ Կիլիկիոյ պարպումից յետոյ, մեր միաբանութիւնը Նախախնամողի հրաշագործութեամբ, ամենից դժւարին պայմաններում, տէր կանգնեց իր վտարանդի ժողովրդին եւ մեր հայրերի սրբազան ժառանգին:
Արդարեւ, մեր միաբանութիւնը, Վեհափառ Հայրապետների առաջնորդութեամբ, անցնող 99 տարիների ընթացքում սփիւռքեան դաժան պայմաններում, եղաւ իր տարագիր եւ իրաւազրկւած ժողովրդի զաւակների հետ, վերակազմակերպելով սփիւռքահայութեան հոգեւոր, կրօնական, կրթական ու մշակութային բազմերես կեանքը, լինելով նրանց համար կենդանի յոյսի փարոս եւ նրանց առաջնորդելով մեր ժողովրդի արդար իրաւունքների վերատիրացման ու հայրենիքի վերանկախութեան սրբազան նպատակին:
Արդ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութիւնը, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, վերանորոգում է իր ծառայական ուխտը եւ առաջադրում.-
ա) Կազմաւորել հոգեւոր եւ հայեցի դաստիարակութեամբ գիտակից նոր սերունդ, որ քաջածանօթ է իր պատմութեանը եւ հետամուտ՝ իր արդար դատին:
բ) Որոնել եւ օգտագործել այն բոլոր միջոցները, որպէսզի ամբողջանայ հայկական պահանջատիրութեան թղթածրարը, եւ իրաւական փաստարկումներով հետապնդւի մեր ժողովրդի արդար իրաւունքը:
գ) Ցոյց տալ աշխարհին, որ Թուրքիայի ձեռքով, մեր ժողովրդի դէմ գործադրւել է նաեւ մշակութային եղեռն, փչացման եւ ոչնչացման է ենթարկւել հայկական հարուստ ու դարաւոր քաղաքակրթութիւնը, որի հետեւանքով նաեւ տուժել եւ աղքատացել է ողջ մարդկային քաղաքակրթութիւնը:
դ) Ի մի հաւաքել հայկական Կիլիկիայից փրկւած գանձերը եւ նրանք ապահով կերպով պահպանել ու ցուցադրել Կաթողիկոսարանիս «Կիլիկիա» թանգարանում:
ե) Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին՝ ապրիլի 24-ին, հռչակել մեր նահատակների սրբադասումը:
զ) Վերանորոգ յանձնառութեամբ մեր ազգի հաւաքական յիշողութեան մնայուն առանցքը դարձնել մեր արդար իրաւունքների հետապնդումը:
Ուստի, Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբանութիւնը, Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ, իր ուխտը վերահաստատում է՝ շարունակելու իր ամբողջանւէր ծառայութիւնը, ի փառս Աստծու, ի սպասաւորութիւն մեր ժողովրդի եւ ի պայծառութիւն մայրենի սուրբ եկեղեցու:
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ
ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ