Աղբիւր՝ www.yerkir.am

 

Մարտի 21-ին Քեսաբի վրայ «տեղացած» արկերի ու ռումբերի քանակն այնքան էր, որ, թերեւս, Սիրիայի վրայ առաջին անգամ էր այդքան զինամթերք արձակւում. լրագրողներին այսօր պատմեցին քեսաբահայ եղբայրներ Սերժ եւ Արամ Քալուկեանները:

Նրանք պատմեցին, թէ ինչպէս է քեսաբահայութիւնը մարտի 21-ի առաւօտեան արթնացել ռումբերի ուժգին պայթիւններից, ինչպէս է Քեսաբը պաշտպանող կառավարական զօրքը բնակչութեանը տեղափոխել Քեսաբի մերձակայ գիւղերը` մինչեւ իրավիճակի հանդարտեցումը, եւ ինչպէս է դրանից յետոյ քեսաբահայութիւնը հասել Լաթաքիա՝ տեսնելով, որ իրավիճակը չի խաղաղւում:

Քեսաբցի եղբայրները նշեցին, որ 670 հայի ընտանիք է ապաստան գտել Լաթաքիայի հայկական եկեղեցու բակում, 1500-2000 քեսաբահայեր ստիպւած են եղել լքել իրենց տները՝ բացի իրենց հագի շորերից, իրենց հետ չկարողանալով վերցնել ուրիշ ոչինչ։ Քեսաբահայերից 30-40 հոգի էլ անյայտ կորած են, ոչ ոք որեւէ ճշգրտւած տեղեկութիւն չունի նրանց մասին: Արամ Քալուկեանը նշեց, որ այս 30-40 հոգու մէջ կան ինչպէս տարեցներ, ովքեր չեն ցանկացել լքել Քեսաբը, այնպէս էլ երիտասարդներ, կանայք ու աղջիկներ:

«Թէեւ տարբեր լուրեր են շրջանառւում, որ նրանց տարել են Թուրքիա, յետոյ՝ թէ նրանցից 13-ը գտնւում են թուրքական բանտերում, բայց այդ լուրերից որեւէ մէկը ճշտել հնարաւոր չէ, քանի դեռ ապստամբներն իրենք չեն յայտարարել դրանց մասին կամ լուսանկարներով, վիդէօներով ցուցադրել»,- ասաց Արամ Քալուկեանը:

Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը՝ բոլորը, պատրաստ են վերադարձնել Քեսաբը՝ իրենց Քեսաբը, նորից կառուցել այն, ամէն ինչ սկսել զրոյից ու շարունակել ապրել Քեսաբում: Լրագրողների դիտարկմանը, թէ Քեսաբն արդէն անվտանգ չէ, Քալուկեան եղբայրները պատասխանեցին, որ հայերն էլ զէնք ունեն, կառավարական զօրքերը նոյնպէս իրենց անվտանգութիւնը կապահովեն: Նրանք նշեցին, որ Քեսաբում հայ երիտասարդներից ինքնապաշտպանական փոքր միաւորներ կազմակերպելու միտք էլ կայ:

Քալուկեաններն անդրադարձան նաեւ այս օրերին համացանցում տարածւած եւ տարածւող լուանկարներին, տեսանիւթերին, որոնցում ապստամբներն սպանում են` գլխատում կամ գնդակահարում հայերին: Եղբայրները հաւաստիացրեցին, որ այդ տեսանիւթերի դէպքերը, հաստատ, Քեսաբում չեն ծաւալւում, գուցէ` Սիրիայի այլ շրջաններում, բայց ոչ` Քեսաբում: Նրանք նշեցին, թէ զինեալների՝ Քեսաբ ներխուժման ժամանակ որեւէ հայ զոհ չի գրանցւել, միայն 1-2 վիրաւոր կայ: Իսկ տարածւած լուսանկարներից միայն մի քանիսն են համապատասխանում իրականութեանը՝ որտեղ երեւում են պայթիւններ կամ տների հրդեհներ:

Քեսաբցի եղբայրները կոչ արեցին ուշադիր եւ աչալուրջ լինել եւ չճշտւած, իրականութեանը չհամապատասխանող տեսանիւթեր չտեղադրել լրատւամիջոցներում, քանի որ դրանք, ընդհանուր առմամբ, շատ են վնասում քեսաբցիներին, յատկապէս հոգեբանօրէն ազդում են նրանց վրայ, ովքեր հեռու են Քեսաբից ու որեւէ կերպ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ:

Իսկ Քեսաբում ծաւալւած իրադարձութիւնները, ըստ երիտասարդների, մեծ ազդեցութիւն կարող են ունենալ Սիրիայում ծաւալւող իրադարձութիւնների վրայ, քանի որ արդէն իսկ ամբողջ աշխարհի ուշադրութիւնը կենտրոնացրեցին Սիրիայի, մասնավորապէս՝ Քեսաբի դէպքերի վրայ: Սակայն սիրիական իրադարձութիւնների հանդէպ սիրիահայերի չէզոքութեան վրայ դրանք չեն անդրադառնայ:

«Ինչպէս եղել ենք չէզոք, այնպէս էլ պիտի մնանք չէզոք»,- նշեց եղբայրներից Սերժը՝ ընդգծելով, որ չէզոքութիւնը կը խախտւի թուրքական կողմի առումով, եւ իրենք պէտք է ամէն ինչ անեն՝ բոլորի ուշադրութիւնը կենտրոնացնելու համար Թուրքիայի կողմից խախտումների վրայ: