Աղբիւր՝ www.yerakouyn.com
Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսն Անթիլիասից երեք կղերական է ուղարկել Լաթաքիա, որպէսզի նրանք տեղի վրայ իրականացնեն քեսապցի տեղահանւած ընտանիքների կարիքների եւ իրավիճակի գնահատումը: Այս մասին Սիւիլնեթին տեղեկացրեց Լիբանանի «Հաուըրդ Քարագէոզեան» հիմնադրամի տնօրէն Սերոբ Օհանեանը:
Օհանեանի խօսքով` Հալէբի շտապ օգնութեան մարմինը Լաթաքիայում մի ենթակոմիտէ է ստեղծել իրենց տները լքած Քեսապի հայերի համար: Նախնական գնահատականներով` Լաթաքիայում ներկայիս Քեսապից 600 ընտանիք կայ, որոնց մէկ մասը ապաստանել է բարեկամների մօտ, միւսները` Լաթաքիայի հայկական Ս. Աստւածածին եկեղեցիում: Սիրիոյ Կարմիր մահիկի ընկերութիւնը նոյնպէս օգնութիւն է տրամադրում: Իրավիճակի մասին տեղեկացւած է նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակը:
Սիրիոյ Կարմիր մահիկի ընկերութիւնը տրամադրում է վերմակներ եւ քնելու պարագաներ, իսկ հայ համայնքը հասցնում է սնունդ, ջուր եւ հոգում է առողջարարական պայմանների մասին: Քեսապի Հայ առաքելական եկեղեցու քահանայ հայր Միւռոն Աւետիսեանը եւ Հայ աւետարանական եկեղեցու պատւելի Սեւակ Թրաշեանը տեղեկացրել են, որ ֆինանսական շուտափոյթ օգնութեան անհրաժեշտութիւն կայ:
Սերոբ Օհանեանի խօսքով` հայ ընտանիքներից շատերը, որոնք յարձակման սկզբում դուրս են եկել Քեսապից, ամբողջովին անպատրաստ են եկել, եւ նրանցից ոմանք նոյնիսկ անձնագրեր կամ այլ կարեւոր փաստաթղթերը չեն հասցրել վերցնել իրենց հետ: «Հաուըրդ Քարագէոզեան» հիմնադրամի տնօրէնի խօսքով` Հալէպի շտապ օգնութեան մարմինը ամէն ջանք գործադրում է հայ տեղահանւածներին օգնութիւն ցուցաբերելու համար:
Մարտի 21-ի առաւօտեան կանուխ զինւած խմբաւորումներ Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը եւ՝ յարձակւել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակայ գիւղերի վրայ: Մարտի 22-ի երեկոյեան արդէն Քեսապի հայ բնակչութիւնն ամբողջութեամբ տարհանւել էր Լաթաքիա: