Աղբիւր՝ www.yerkir.am

 

Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի յանձնախումբը փետրւարի 27-ին հանրահաւաք եւ բողոքի ցոյց էր կազմակերպել Հաագայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ: Ցոյցը նւիրւած էր 1988 թւականի Սումգայիթեան ջարդերի զոհերի յիշատակին եւ ուղղւած Արցախի հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականութեան դէմ:

Հոլանդիայի բոլոր նահանգներից հարիւրի հասնող ցուցարարներ Հաագա էին եկել եւ, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, բողոքի հզօր ցոյց անցկացրեցին: Ելոյթ ունեցան նաեւ ՀՅԴ ՆԵՄ «Գարեգին Նժդեհ»-ի անդամները եւ դատապարտեցին Ադրբեջանի նենգ քաղաքականութիւնը, պատմութիւնը կեղծելու եւ սեփական ժողովրդին եւ աշխարհին մոլորութեան մէջ գցելու փորձերը:

Հայ Դատի յանձնախմբի կողմից նախօրօք դիմում էր կատարւել Ադրբեջանի դեսպանութիւն` պահանջագիր ներկայացնելու համար, սակայն այն մնացել էր անպատասխան: Ցուցարարների եւ ամբողջ հոլանդահայութեան անունից պահանջագիրն ընթերցւեց եւ գցւեց դեսպանութեան փոստարկղը:

 

Հաագայում Ադրբեջանի Հանրապետութեան դեսպան պարոն Միր Համզա Էֆենդիեւին

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

27 փետրւարի 2014 թ.

Մեծարգոյ պարոն դեսպան

Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը հոլանդահայութեան անունից ձեզ է ներկայացնում հետեւեալ պահանջագիրը:

ՊԱՀԱՆՋԱԳՐԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

1. Արցախի հայ ազգաբնակչութիւնը հազարամեակներ շարունակ ապրել եւ արարել է Արցախ աշխարհում եւ այդ երկրամասի լիարժէք իրավատէրն է: Դրա վառ ապացոյցներն են հազարամեայ պատմական կոթողներն ու յուշարձանները, որոնք չնայած ասպատակումների դեռ մեծ թւով կանգուն են եւ նշմարելի Արցախի իւրաքանչիւր հատւածում:

2. Որպէս անկախ եւ ինքնավար պետութիւն Արցախը սակայն պատմութեան ընթացքում չի ստացել իր իրաւական կարգավիճակը եւ միշտ գտնւել է տարբեր զաւթիչների տիրապետութեան տակ: Այդուհանդերձ պահպանել է իր գերակշռող հայ ազգաբնակչութիւնը եւ բոլոր ժամանակներում եղել է հայկական տարածք՝ յատկապէս իր բնակչութեան կազմով:

3. Վերջին պատմական զաւթիչը խորհրդային բռնապետութիւնն էր, որը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների մէջ թշնամանք առաջացնելու եւ բորբոքելու յստակ միտումով ստալինեան խայտառակ հրամանագրով Արցախը բռնակցեց Ադրբեջանի խորհրդային հանրապետութեանը:

4. Ինչպէս երբէք, այս անգամ էլ Արցախի ազատասէր ժողովուրդը չհաշտւեց նման անարդարութեան հետ եւ տարիներ շարունակ պայքարելով վերջապէս արտայայտեց իր կամքը՝ ինքնավար, ազատ եւ անկախ ապրելու համար:

5. Ադրբեջանի կառավարութիւնը ըմբռնումով մօտենալու փոխարէն Արցախի ժողովրդի արդար պահանջին, գնաց խնդիրն արիւնահեղ հակամարտութեան վերածելու ճանապարհով եւ 1988 թւականի փետրւարի 26-ից 29-ը ընկած ժամանակահատւածում Սումգայիթում հարիւրաւոր հայ քաղաքացիների սպանդի ենթարկելով փորձեց խեղդել արցախահայութեան ազատատենչ ոգին: Չլինէր այս արիւնահեղութիւնը, հնարաւոր էր թերեւս խնդիրը խաղաղ բանակցութիւնների ճանապարհով լուծել: Սակայն այս սպանդով սկիզբը դրւեց ատելութեան եւ թշնամանքի, որը վերածւեց ահեղ պատերազմի:

6. Յետագայ տարիներին Ադրբեջանը չհրաժարւեց իր յարձակողական քաղաքականութիւնից եւ փորձեց ուժի եւ բռնութեան միջոցներով ճշնել արցախահայութեան ազատ կամքի արտայայտութեան իրաւունքը: Այս կեցւածքը հանգեցրեց դաժան պատերազմի երկու հարեւան ազգերի միջեւ եւ տասնեակ հազարաւոր զոհերի պատճառ դարձաւ երկու կողմերից:

7. 1994 թւականին կնքւած հրադադարի միջոցով տիրում է համեմատական խաղաղութիւն, որը սակայն մշտապէս խախտւում է ադրբեջանական կողմի դիւերսիոն գործողութիւններով եւ մարդասպան դիպուկահարների դաւադիր սպանութիւններով, որոնք խափանում են յարատեւ եւ կայուն խաղաղութեան ստեղծման գործընթացը:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը չնայած Ադրբեջանի ռազմատենչութեանը քսան տարիների ընթացքում վերածւել է կայացած մի պետութեան եւ կայուն քայլեր է կատարում ժողովրդավար եւ իրաւական պետութեան ստեղծման ճանապարհին:

9. Ադրբեջանի ներկայիս իշխանութիւնները որդեգրել են խիստ ոչ-կառուցողական դիրքորոշում եւ սպառազինութիւնների մրցավազքով եւ հայատեաց քարոզչութեամբ սեփական ժողովրդին մոլորութեան մէջ են գցում նոր պատերազմի ծրագրերով:

Ելնելով վերոյիշեալից, այսօր մենք ողջ հոլանդահայութեան անունից ձեզ ենք ներկայացնում հետեւեալ պահանջները.

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

1. Անմիջապէս դադարեցրէք բռնութիւնների եւ ուժի բոլոր տեսակի դրսեւորումները եւ խնայէք ո՛չ միայն հայ զինւորների կեանքը, այլ նաեւ ձեր սեփական զինւորներինը, քանի որ իւրաքանչիւր ռազմական գործողութիւն ստանում է իր համարժէք պատասխանը եւ երիտասարդ կեանքներ են ոչնչանում:

2. Ճանաչէ՛ք եւ յարգէ՛ք Արցախի ժողովրդի ազատ, անկախ եւ ինքնուրոյն ապրելու իրաւունքը եւ բանակցութիւններ սկսէք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ղեկավարութեան հետ:

3. Դադարեցրէք հայատեաց քաղաքականութիւնն ամբողջ աշխարհում եւ մի գցէք ձեր ժողովրդին մոլորութեան մէջ՝ նրանց սնելով պատերազմը վերսկսելու մոլուցքով: Պատերազմի վերսկսումն առաջին հերթին մեծագոյն ողբերգութիւն կը լինի հենց Ադրբեջանի ժողովրդի համար:

4. Փորձէք հարեւան ժողովուրդների միջեւ խաղաղութեան եւ բարի-դրացիական յարաբերութիւնների հիմքեր դնել եւ ոչ թէ նոր պատերազմներ սանձազերձել:

Սոյն պահանջագիրը ողջ հոլանդահայութեան անունից յանձնւում է ձեզ 2014 թւականի փետրւարի 27-ին տեղի ունեցած հանրահաւաքի արդիւնքում:

ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի յանձնախումբ