Աղբիւր՝ www.asbarez.com

 

Փետրւար 25-26-ը տարելիցի օրերն են այն դէպքերի, որոնք 1992-ին պատահեցին Խոջալուի մէջ (ներկայ անունով՝ Իւանեան) եւ որոնք Ադրբեջանում որակւում են իբրեւ «ցեղասպանութիւն»։ Այս առթիւ մի խումբ ադրբեջանցիներ կիրակի՝ փետրւարի 23-ին, Պոլսի կենտրոնական ու հայաբնակ Շիշլի թաղամասի մայրուղու վրայ ցոյցեր կատարեցին։ Ցոյցի ընթացքում ադրբեջանցիներին միացան նաեւ թուրք ցեղապաշտական խմբեր, որոնք միասնաբար փորձեցին Շիշլիի Գարակէօզեան հայոց վարժարանի առջեւ զետեղել ցուցապաստառներ։ Բաղդատմամբ այն մեծ ցոյցին, որ երկու տարի առաջ դարձեալ Խոջալուի կոտորածների տարելիցի առթիւ կազմակերպւեց Թաքսիմի հրապարակի վրայ, այս անգամ մասնակիցների թիւը փոքր էր։

Ցուցարարները Շիշլիի մզկիթի առջեւից նախ ուզեցին քայլել դէպի Թաքսիմ, բայց ոստիկանութիւնը արտօնութիւն չտւեց։ Այնուհետեւ նրանք ուղղւեցին դէպի «Գարակէօզեան» եւ այնտեղ մամլոյ յայտարարութիւն անել ուզեցին։ Վարժարանի պատասխանատուներն անմիջապէս կապ հաստատեցին ապահովական մարմնի տնօրէնութեան հետ եւ ոստիկաններն այնտեղ հասնելով՝ հեռացրին ցուցարարներին։

Ցեղապաշտ ցուցարարները, որոնք այլատեացութեան լօզունգներ էին արձակում, այս անգամ քայլեցին դէպի «Ակօս»-ի խմբագրատուն։ Նրանք կրում էին «Մենք Ալփասլան Թիւրքեշի (ազգայնամոլ ղեկավար) զինւորներն ենք», «Կեցցե՛ն Օկիւն Սամասթները» (Դինքին սպանած ոճրագործը), «Անկցի՛ն Հրանդ Դինքերը», «Ողջո՛յն Ադրբեջանին. պայքարը շարունակւում է» վերտառութեամբ ցուցապաստառեր։

Յիշեցնենք, որ փետրւարի 26, 2012-ին տեղի ունեցած ցոյցին, ցուցարարները պարզել էին «Բոլորդ հայ էք, բոլորդ էլ «բիճ» էք» վերտառութեամբ պաստառներ։ Այդ ցոյցին մասնակցել էր նաեւ ներքին գործոց նախարար Իտրիս Նայիմ Շահին։

1988-ի փետրւարին, պետական մակարդակով կոտորածի ենթարկւել էր Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայ բնակչութիւնը։