Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ԱՄՆ Կոնգրէսում է գտնւում Հայաստանում սիրիահայերի վերաբնակեցմանն աջակցող բանաձեւը, որով նախատեսւում է սիրիահայերին օժանդակել 15 մլն դոլարի չափով: Այս մասին լրագրողների հետ զրոյցում տեղեկացրեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենեակի տնօրէն Արփի Վարդանեանը:
«Հայաստանը աշխարհի երրորդ երկիրն է, որը տեղափոխել եւ ընդունել է Սիրիայից եկած փախստականներին. դա շատ կարեւոր է: Բանաձեւը մի քանի ամիս է, ինչ գործընթացի մէջ է. այժմեան կոնգրէսականները մնում են մինչեւ միւս տարի, յոյս կայ, որ հնարաւոր է` այդ հարցն առաջ գնայ, սակայն հնարաւոր է նաեւ` մէկը դէմ լինի, ու գործընթացը կանգնի: Մենք էլ նորից սկսենք աշխատել այդ ուղղութամբ: Մեզ համար շատ անակնկալներ կարող են լինել գալիք մի քանի ամսւայ ընթացքում, բայց պէտք է միշտ ճկունութիւն գտնենք, որ աշխատենք նոր վարչակազմի հետ, որ անհրաժեշտ հարցերին պատասխան տրւի, եւ հասնենք մեր նպատակներին»,-ասաց Արփի Վարդանեանը:
Նա նշեց, որ սխալ տպաւորութիւն է ստեղծւել, որ ԱՄՆ-ում գործող հայ համայնքի խնդիրներով զբաղւող կառոյցները շեշտը դնում են միայն Հայոց ցեղասպանութեան հարցի վրայ. Հայաստանի հետ կապւած խնդիրները բազմաթիւ են եւ գալիս են դեռ երկրաշարժի ժամանակներից:
«Մի շարք հանդիպումներ են տեղի ունենում պաշտօնեաների հետ եւ՛ ԱՄՆ-ում, եւ՛ Հայաստանում: Փորձում ենք տարբեր ծրագրեր իրականացնել, որպէսզի բարելաււենք հայ-ամերիկեան յարաբերութիւնները: Զանազան խնդիրներ կան, որոնք պէտք է առաջ տանել»,-եզրափակեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենեակի տնօրէնը: