Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկւել է սիրիական ճգնաժամի խորացման պայմաններում Հայաստան տեղափոխւած, ինչպէս նաեւ Հալէպից Հայաստան տեղափոխւելու ցանկութիւն ունեցող սիրիահայերին աջակցութիւն ցուցաբերելու ուղղութեամբ հիմնախնդիրները, ինչպէս նաեւ այս ոլորտի մի շարք միջոցառումների համակարգումը կատարելագործելու վերաբերեալ ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի յանձնարարականի կատարումը: Այս մասին ասել է ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը:
Սփիւռքի նախարարը յանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ նախարարութիւնը մշտական կապի մէջ է Սիրիայի հայ համայնքի կառոյցների ներկայացուցիչների, ինչպէս նաեւ ՀՀ գլխաւոր հիւպատոսի հետ` իրավիճակը գնահատելու եւ անհրաժեշտ օգնութիւն ձեռնարկելու նպատակով: Նա տեղեկացրեց նաեւ, որ Հայաստան հնարաւոր ժամանողների օգնութիւնը կազմակերպելու համար ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակիցները հերթապահում են օդանաւակայանում եւ դիմաւորում Արեւելքից ժամանած օդանաւերը:
Անցնող տասն օրերին եկել է միայն չորս ընտանիք: Տարբեր լրատւամիջոցներով տարածւող լուրերը, որ խուճապ կայ եւ շատերն են ցանկութիւն յայտնել գալ Հայաստան, չափազանցւած են: ՀՀ գլխաւոր հիւպատոսը եւ ազգային իշխանութիւնները ամէն օր նշում են, որ Սիրիայից, մասնաւորապէս` Հալէպից դուրս գալու համար իրենց դիմել են մի քանի ընտանիք, որոնց էլ օգնել ենք Հայաստան հասնելու համար:
Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ Հանրապետութեան նախագահի յանձնարարութեամբ հումանիտար օգնութեամբ բեռնւած երկու օդանաւերը յաջողութեամբ հասել են Սիրիա: Հումանիտար բեռը ուղեկցել են պետական մի քանի ծառայողներ, այդ թւում` ՀՀ ՍՆ աշխատակազմի Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչութեան պետ Լեւոն Անտոնեանը, ով տեղում աջակցել է սննդի բաշխման աշխատանքներին:
Այսօր առաջնայինը` Հայաստան նոր տեղափոխւած սիրիահայերի տրամադրութիւնների հետ ծանօթանալն է, բնակարաններով, սննդով եւ աշխատանքով ապահովելու խնդիրները: Միաժամանակ նախարարը շնորհակալութիւն յայտնեց սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից մեր հայրենակիցներին օգնած համահայկական, հասարակական, միջազգային կազմակերպութիւններին, որոնք համագործակցեցին Սփիւռքի նախարարութեան հետ:
ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արեւելքի եւ Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգէն Եակուբեանը նշեց, որ սիրիական վերջին զարգացումներից յետոյ ՀԲԸՄ-ն արտահերթ ֆոնդ է ստեղծել սիրիահայերին օգնելու նպատակով: Համաձայնելով ՀՀ Սփիւռքի նախարարի հետ առաջին անհրաժեշտ օգնութիւնը մեր հայրենակիցներին ցուցաբերելու հարցում` Եակուբեանը նշեց. «Մենք շարունակելու ենք նաեւ համավճարի կարգով փոխհատուցել Հայաստանի բակալաւրիատներում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձի մեծ մասը, ինչպէս նաեւ իրականացնել բոլոր միւս ուղղութիւններով բարեգործական ծրագրերը»: ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամը շեշտեց, որ չնայած ծանր վիճակին` Հալէպում խուճապ չկայ: Պէտք է զգոյշ լինել ցանկացած յայտարարութիւն անելիս:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրէն Լենա Հալաջեանը կարեւորեց սիրիահայերի տեղափոխութեան եւ Հայրենիքում հաստատւելու խնդիրը չքաղաքականացնելու հարցը: «Տարբեր կեղծ կազմակերպութիւններ են ստեղծւում սիրիահայերին օգնելու նպատակով` գումարներ հանգանակելու համար: Ուզում եմ ցաւով արձանագրել նաեւ, որ սիրիահայերի հիմնախնդիրը այսօր շահարկում են մի շարք լրատւամիջոցնէր` նորանոր լսարաններ նւաճելու ցանկութեամբ, ինչի արդիւնքում ցաւօք տարածւում են նաեւ իրականութեանը չհամապատասխանող լուրեր` ստւերելով իրականացւող մեծածաւալ աշխատանքները»,-նշեց տիկին Հալաջեանը:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի հայաստանեան գրասենեակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերւիրթը, ինչպէս նաեւ «Գալուստ Գիւլբենկեան» հիմնարկութեան, «Սիրիահայերի միութիւն» ՀԿ-ի, Ամերիկայի հայ աւետարանչական ընկերակցութեան, «Ամքոր֊ Հայաստան» հիմնադրամի, Հայ օգնութեան միութեան, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի հայ օգնութեան ֆոնդի Հայաստանի մասնաճիւղի, Հայկական Կարմիր խաչի ընկերութեան, «Օքսֆամ Հայաստան» ընկերութեան ներկայացուցիչները ներկայացրին սիրիահայերին առաջնային օգնութիւն ցուցաբերելու իրենց ծրագրերը, նախատեսւած միջոցներն ու հնարաւորութիւնները: Ներկաները նշեցին, որ ՀՀ Սփիւռքի նախարարութեան համակարգմամբ ճշգրտելով տրամադրւելիք օգնութեան առաջնահերթութիւնները` իրենք առաւել թիրախաւորւած եւ անհրաժեշտ օգնութիւն կը ցուցաբերեն սիրիահայերին:
Քննարկւեցին առաջիկայում այն սիրիահայերին դեղորայքի, ձմեռային հագուստի, անհրաժեշտ պարագաների, ինչպէս նաեւ սննդի օգնութիւն տրամադրելուն վերաբերող հարցեր, ովքեր առաւել կարիքաւոր են: Նախարարը խնդրեց, որ միջգերատեսչական յանձնաժողովի անդամ պետական մարմինները եւ նիստին մասնակից միջազգային, համահայկական, բարեգործական, հասարակական կազմակերպութիւնները սեղմ ժամկէտում ներկայացնեն առաջարկութիւններ Հայաստան տեղափոխւած սիրիահայերի հետ աշխատանքները կատարելագործելու, առաւել արդիւնաւէտ դարձնելու, ինչպէս նաեւ Սիրիայում մնացած մեր հայրենակիցներին աջակցելու եւ նոր մեխանիզմներ մշակելու վերաբերեալ»: