Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարարութիւնը խօսել է Սիրիայից հայերի տեղափոխումը Հայաստան իրականացնելու գործում ՌԴ հնարաւոր աջակցութեան մասին: Ինչպէս հաղորդում է ռուսական Russia Today-ը, խնդրին լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ անդրադարձել է ՌԴ արտգործնախարարութեան խօսնակ Մարիա Զախարովան:
Լրագրողի այն հարցին, թէ արդեօ՞ք Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին` Սիրիայում գտնւող հայկական համայնքի ներկայացուցիչներին պատմական հայրենիք տեղափոխելու հարցում` Զախարովան ասել է. «Եթէ կայ պաշտօնական տեղեկութիւն, կան նամակներ Սիրիայի տարածքում բնակւող հայերից, ովքեր ցանկանում են տեղափոխւել Հայաստան, ապա նրանք պէտք է համապատասխան ձեւով այդ մասին տեղեկացնեն Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեանը ու համապատասխան օրգաններին: Հայաստանն էլ համապատասխան ձեւով, եթէ դրական է նայում հարցին, պէտք է դիմի այս կամ այն կողմին, որը կարող է նման օգնութիւն ցուցաբերել: Սա բացարձակ նորմալ ընթացակարգ է»: