Աղբիւր՝ www.alikonline.ir
Մեկնարկեցին Իրանի 48-րդ շրջանի Համահայկական խաղերը
«ԱԼԻՔ», Կ. Դ. - Մեկնարկեց Իրանի 48-րդ շրջանի Համահայկական խաղերը, որոնք նւիրւած են «ԱԼԻՔ» օրաթերթի 85-ամեակին:
Այս տարի խաղերին մասնակցել են մօտ 900 մարզիկ-մարզուհիներ, ոչ միայն իրանահայ համայնքի երեք թեմերից, այլ նաեւ Արցախից, Հայաստանից եւ Վրաստանից:
* Միջոցառմանը ներկայ էին՝ Հայաստանի Օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Իրանում Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ճաղարեանը, Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին,ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, Հայաստանի եւ Սփիւռքի զանգւածային լրատւամիջոցների խմբագիրներ եւ լրագրողներ, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների հարցով Հանրապետութեան նախագահի յատուկ պատւիրակ հոջ. Ալի Իւնեսին, Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ եւ Կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներ, Իրանի Օլիմպիական կոմիտէի նախագահ եւ Սպորտի նախարարութեան պատասխանատուներ, Թեհրանի նահանգապետը, Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեաներ եւ հիւրեր:
* Օրւայ ջահակիրն էր Դրօ Զարգար-Յարութիւնեանը:
* Ելոյթներով հանդէս եկան Հ. Մ. Ա. Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանը, Իրանի Սպորտի նախարարութեան մշակութային հարցերով տեղակալ դոկտ. Ահմադին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ հոջ. Ալի Իւնեսին, որոնք կարեւորութեամբ անդրադարձան «Ալիք» օրաթերթի 85-ամեակի եւ Իրանի մարզական կեանքում իրանահայութեան դերակատարութեանը, նրանք իրենց արտայայտութիւնների ընթացքում կարեւորութեամբ անդրադարձան հզօր Իրանի դերակատարութեանը, հզօր եւ ապահով տարածաշրջան ունենալու առումով:
Ելոյթով հանդէս եկաւ Հայաստանի Օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանը, որը բարձր գնահատելով իրանահայ համայնքի հայեցի դաստիարակութիւնը եւ հայկականութեան գոյապահպանումը, 100,000 դոլար նւիրատւութիւն կատարեց Համահայկական խաղերի ֆոնդին:
* Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ողջունելով Համահայկական համախմբւածութիւնը, ողջունեց «Ալիք»-ի 85-ամեակը եւ կոչ ուղղեց իրանահայութեանը չտրւել սին խօսքերի եւ իրենց խաղաղ կեանքը շարունակել Իրանի երկնակամարի ներքոյ:
* Միջոցառմանը տեղի ունեցաւ մարզիկների եւ մրցավարների աւանդական երդման արարողութիւնը: Բացման հանդիսութիւնը յագեցած էր գեղարւեստական կատարումներով, ուր ելոյթներով հանդէս եկան իրանահայ համայնքի երգչախմբեր եւ պարային համոյթներ: