Աղբիւր՝ www.alikonline.ir
«Ալիք»-ի 85-ամեակի առիթով
«ԱԼԻՔ», Ա. Է. - Հայալեզու մամուլի պատմական հարուստ ժառանգութիւնից խօսելիս մեծ բացթողում կը լինի, եթէ չանդրադառնանք դրա ազգային կարեւորագոյն գործօնին՝ հայապահպանմանը: Եւ որպէս այսպիսին, ազգապահպան նշանակութեան մամուլի՝ հարազատ «ԱԼԻՔ»-ի 85-ամեակի առիթով կազմակերպւած միջոցառումները ընդամենը օրեր անց Իրան կը բերեն աշխարհասփիւռ հայալեզու մամուլի յայտնի դէմքերի, որոնք տասնօրեայ ժամանակահատւածում կը կամրջեն Արեւմտեան ու Արեւելեան Ամերիկաների, Եւրոպայի ու Միջին Արեւելքի եւ Հայրենի լրագրողական փաղանգի «հեռաւորութիւնը»:
Եւ այսպէս՝ Յարութ Սասունեանը՝ «Կալիֆորնիա կուրիէր»-ից, Աբօ Պօղիկեանը՝ «Ասպարէզ»-ից, Զաւէն Թորիկեանը՝ «Հայրենիք»-ից, Շահան Գանտահարեանը՝ «Ազդակ»-ից, Զարմիկ Պօղիկեանը՝ «Գանձասար»-ից, Յակոբ Ասատրեանը՝ «Օրեր»-ից, Ժիրայր Չոլաքեանը՝ «Նոր Յառաջ»-ից, Արտաշէս Շահբազեանը՝ ՀՅԴ Մամլոյ դիւանից, ՀՀ Սփիւռքի նախարարութեան լրատւական ներկայացուցչութիւնից՝ Վաղինակ Վարդանեանը եւ Էւելինա Բաղդասարեանը, Աբրահամ Գասպարեանը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւնից (Հ1), Լուսինէ Ղարիբեանը՝ «Երկիր Մեդիա»-ից, Նայիրի Հոխիկեանը՝ «Կենտրոն»-ից եւ էլի ուրիշներ:
Ու այդ կամրջման իրանական խաչմերուկում նրանք կը լինեն նաեւ մեր հինաւուրց Ատրպատականի եւ Նոր Ջուղայի հայոց թեմերում:
Եւ աւելի ուշ ականատեսի հայեացքով նրանց մասնագիտական անդրադարձները կարտացոլեն Իրանի եւ յատկապէս այստեղ ապրող դարաւոր համայնքի իրականութիւնը:
Ինչեւիցէ, հաճելի է, երբ հանդիպում ես քո հին ու նոր հարազատ գործընկերներին, կիսւում մամուլի պատմական անցեալով, ու միախառնւում տարբեր երկրների տեղեկատւական մշակոյթի խառնարանում:
«ԱԼԻՔ»-ը այն հնոցն է ազգապահպանման, որը լրագրութեան պատմութեան մէջ ունի իր դէմքն ու տեղը, ահա այդ 85-ամեայ նկարագիրն է համախմբել աշխարհասփիւռ մամուլի կարկառուն դէմքերին, այստեղ մեզ մօտ՝ «ԱԼԻՔ»-ում...