Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

«Դեմոկրատ Հաբեր» կայքը գրել է, թէ թուրք զինակցի կողմից սպանւած Սեւակ Բալքջի մայրը՝ Անի Բալքջը, իր վրդովումն է յայտնել հեղինակ Այշէ Քուլինի հանդէպ, որ, ինչպէս հաղորդել էինք անցեալ շաբաթ, Հայկական Ցեղասպանութիւնը ուրացող եւ նոյնիսկ արդարացնել փորձող արտայայտութիւններ էր կատարել:

Նա ասել էր, որ 1915-ի սպանդները չի կարելի ցեղասպանութիւն որակել, «որովհետեւ մենք մեր կանգնած տեղը չջարդեցինք հայերին, ինչպէս գերմանացիները սպաննեցին հրեաներին»։

Այշէ Քուլինի այս մեկնաբանութիւնը մեծ ցաւ էր պատճառել հայ հաւաքականութեանը։ Անի Բալքջը, որի որդին 24 Ապրիլի օրը սպանւեց զինւորական պարտականութեան ընթացքին, խորունկ ցաւ է արտայայտել՝ գրելով. «Երբ ասում ես, թէ կանգնած տեղը չջարդեցինք հայերին, արդէն խոստովանել ես, որ հայերին ջարդեցիք։ Քանի որ այդպէս է, մի ցաւիր նաեւ Հրանդի համար, որ կանգնած տեղը սպաննւեց։ Ի վերջոյ, քեզ նման խօսողների շնորհիւ է, որ հայերը այլեւս  գնդակահարւել են կամ դաշունահարւել են։ Իրաւունք ունես… հայ ժողովուրդը իր տեղը չի կանգնել, աշխատասէ՛ր է, խելացի՛ է։ Այդ շրջանում Անատոլուի մէջ կային տեղեր, որտեղ մեծամասնութիւն էին հայերը, իրենց գիւղերում կամ քաղաքներում դպրոցներ ու եկեղեցիներ ունէին, գրել-կարդալ գիտէին, օտար լեզու գիտէին, իրենց դաշտերը աւելի լաւ կերպով կը հերկէին, իրենց անասունները աւելի գիտական միջոցներով կը հասցնէին։ Ահաւասիկ այս բոլորից անտեղեակ ժողովուրդը չկարողացաւ հանդուրժել ու «կանգնի՛ր» ասաց հայ ժողովրդին։ «Բաւական է՛, դուք ձեր արտերն ու տուները մեզ թողէք ու ճամբայ ընկէք», ասացին։ Այսպէս է, որ հայերը ճամբայ են դրւել. նրանցից որոշները կարծել են, թէ պիտի կարողանան վերադառնալ, բայց Տիգրիսի ջրերը կաս-կարմիր են դարձել։ Ձեր օսմանցի մեծ հայրերից լսել էք. ինչո՞ւ արդեօք հայերի ինչքերի վրայ նստողները հայերի նման իրենք էլ անդադար աշխատելով չեն շահում այդ հարստութիւնները։ Ինչո՞ւ իսլամ հաւաքականութիւնների մօտ գրող-կարդացողների թիւը ցած է եղել. երանի թէ հայերից մնացած դպրոցները գործածէին, եկեղեցիները մզկիթի չվերածէին ու դրէանք չգործածէին զբօսաշրջական նպատակներով։ Կանգնած տեղը սպաննւած Հրանդի համար մի՛ ցաւիր։ Զայն երկու գնդակով գետին փռեցին, որպէսզի ուրիշներին դաս լինի։ Աւելի վերջ էլ տարիքոդ մի կին սպաննեցին կանգնած տեղը։ Հիմա ի՞նչ պիտի լինի, եթէ ցաւիս կամ չցաւիս. գացողները գացին։ Վա՜յ գացողներին, վա՜յ մնացողներին»: