Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

ԼՂՀ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլեանը Tert.am-ի հետ զրոյցի ընթացքին, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան կատարելիք այցին ասել է, թէ չի կարծում, որ այցի ընթացքում լինեն բեկումնային յայտարարութիւններ:

Յիշեցնենք, որ այս օրերին Մինսկի խմբի համանախագահները գտնւում են տարածաշրջանի մէջ. նրանք փետրւարի 3-ին այցելել էին Ադրբեջան, իսկ փետրւարի 5-ին կայցելեն Հայաստան:

“Մինսկի խմբի համանախագահներին չի յաջողւել համոզել ադրբեջանական իշխանութիւններին շփման գծից հետ քաշել դիպուկահարներին եւ համաձայնեցնել հրադադարի ռեժիմի խախտման միջադէպերի հետաքննութեան մեխանիզմը”,- նշել է Մասիս Մայիլեանը, շարունակելով, թէ քանի դեռ հակամարտող կողմերն ու միջնորդները չեն գտել հակամարտութեան կարգաւորման փոխընդունելի բանաձեւ, տարածաշրջանային նոր պատերազմի կանխարգելումն ու հրադադարի ամրապնդումը շարունակում են մնալ արդիական խնդիրներ:

Դիտարկման ընթացքում, թէ սահմանի միջադէպերի վերաբերեալ համանախագահող երկրների կողմից հնչել են միայն չէզոք գնահատականներ, Մասիս Մայիլեանն ասել է. “Հարկ է խոստովանել, որ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղութեամբ ջանքերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների, արտաքին գործերի նախարարների եւ ԵԱՀԿ գործող նախագահի` հիմնախնդրի խաղաղ կարգաւորման այլընտրանք լինելու վերաբերեալ պարբերական յայտարարութիւններն ունեն որոշակի զսպող դեր”:

Արցախցի դիւանագէտը նաեւ աստլ է, թէ մենք մեր յետագայ ճակատագիրը պէտք չէ բացառապէս կապենք Մինսկի գործընթացի հետ, ուր Ադրբեջանն ունի իր համապատասխան դերը:

“ԼՂՀ ճանաչման գործընթացը պէտք է անցնի առանց Ադրբեջանի մասնակցութեան` մինսկեան գործընթացին զուգահեռ (որտեղ կարգավիճակից բացի կարելի է քննարկել առանցքային խնդիրներ)”,- իր խօսքի մէջ ասել է Մասիս Մայիլեանը: