Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թեհրանի հայոց թեմի առաջնորդի եւ Թեհրանի հարաւ-արեւելեան տարածքի քաղաքային կառավարման պատասխանատուների ներկայութեամբ ծաղիկներով ողողուեցին Թեհրանի «Նոր Բուրաստան» գերեզմանատան հայ նահատակների շիրիմները:

Համաձայն «Ֆարս» լրատուական գործակալութեան հաղորդման, շաբաթ օրը կէսօրից առաջ, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ, Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Արք. Սարգսեանի եւ Թեհրանի հարաւ-արեւելեան տարածքի քաղաքային կառավարման պատասխանատուների ներկայութեամբ ծաղիկներով ողողուեցին Թեհրանի «Նոր Բուրաստան» գերեզմանատան հայ նահատակների շիրիմները:

Թեհրանի հարաւ-արեւելեան տարածքի քաղաքային հարցերով տնօրէնի տեղակալ Մոհամմեդ Մուսաւին այս հանդիսութեան ժամանակ անդրադառնալով Իրանում կրօնների միջեւ միասնականութեանն ասաց. «Որեւէ տարբերութիւն գոյութիւն չունի մուսուլմանների եւ կրօնական փոքրամասնութիւնների եւ յատկապէս քրիստոնեաների միջեւ: Մեր տարածքային ամբողջականութեան ու անկախութեան համար պարտական ենք բոլոր մուսուլման, հայ, հրէայ, զրադաշտական ու ասորի նահատակների արեանը»:

Հանդիսութեան ընթացքում Թեհրանի հայոց թեմի առաջնորդը ողջունելով հիւրերին, ասաց. «Հայերը որեւէ տարբրութիւն չեն զգում մուսուլմաններից եւ մեծ յարգանք ունեն համակարգի ղեկավարների ու պատասխանատուների հանդէպ»:

«Իրանում կրօնական փոքրամասնութիւններն ակտիւ են բոլոր բնագաւառներում ու պաշտօններում: Սա վկայում է այն մասին, որ Իրանում բոլոր կրօնների հետեւորդները եղբայրական ու ազատ պայմաններում ձեռք-ձեռքի տուած աշխատանք են տանում յանուն երկրի առաջադիմութեան»,-ասել է գերաշնորհ Սրբազան հայրն ընդգծելով, որ հայ նահատակները պատկանում են ողջ երկրին եւ սիրելի են բոլորի համար: