Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

28 յունւարից մինչեւ 1 փետրւար 2014-ին, Քոթայամում (Հնդկաստան), Հնդիկ ուղղափառ եկեղեցու Ն.Ս.Տ.Տ. Պասիլիոս Թոմա Փաւլոս Բ Կաթողիկոսի հրաւէրով, գումարւեց Հռոմէական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ուղղափառ (ոչ-քաղկեդոնական) եկեղեցիների աստւածաբանական պաշտօնական երկխօսութեան 11-րդ ժողովը։

Հայ եկեղեցին իր հայրապետական երկու ս. Աթոռներով մասնակցեց այս աստւածաբանական երկխօսութեանը։ Յանուն ս. Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոսութեան մասնակցեցին գերշ. Տ. Յովակիմ եպս. Մանուկեանը եւ հոգշ. Տ. Շահէ վրդ. Անանեանը։ Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մասնակցեց գերշ. Տ. Նարեկ արքեպս. Ալեէմէզեանը, ով նաեւ կարդինալ Քուրթ Քոխի հետ ժողովի համա-ատենապետութիւնը վարեց։

28 յունւարին, Արեւելեան ուղղափառ եկեղեցիներու ներկայացուցիչներն առանձին հանդիպում ունեցան եւ քննարկեցին իրենց եկեղեցիներին առնչւած միջ-եկեղեցական հարցեր։

29 յունւարից մինչեւ 1 փետրւար, յանձնաժողովը քննարկեց «Ծէսը, սուրբ Պատարագը եւ ուխտագնացութիւնը քրիստոնէութեան առաջին հինգ դարերում՝ որպէս եկեղեցիների միջեւ եղած հաղորդութեան ու հաղորդակցութեան ազդակ» նիւթը։

29 յունւարին, Ն.Ս.Տ. Պասիլիոս Թոմա Փաւլոս Բ Կաթողիկոսը պաշտօնական ընթրիքով պատւեց յանձնաժողովի անդամներին։ Ընթրիքի ընթացքում, Նարեկ սրբազանը ողջոյնի խօսք ուղղեց եւ Արեւելեան ուղղափառ եկեղեցիների հոգեւոր պետերի ողջոյնները փոխանցեց Նորին Սրբութեանը եւ Հնդկաստանի Ուղղափառ եկեղեցուն։

30 յունւարին, կարդինալ Քուրթ Քոխը եւ Նարեկ սրբազանն առանձին հանդիպում ունեցան։ Սրբազանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի եղբայրական ողջոյնները փոխանցեց Ն.Ս.Տ.Տ. Ֆրանսիս Պապին. առաւել, նա մանրամասնօրէն անդրադարձաւ 15-17 յունւարին Եկեղեցիներու համաշխարհային խորհրդի կազմակերպած «Ժնեւ-2» ժողովի նախօրեակին կայացած խորհրդաժողովի ընթացքում Արամ Ա Վեհափառ Հայրապետի բանալի դերակատարութեանը։ Հանդիպման ընթացքում քննարկւեցին նաեւ Սիրիոյ կացութիւնը, քրիստոնեաների ներկայութիւնը Միջին արեւելքում եւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նշումը 2015-ին։

Նոյն օրը, կարդինալ Քուրթ Քոխը եւ Նարեկ սրբազանը քաղաքավարական այցելութիւն տւեցին Հնդկաստանի ասորի ուղղափառ ամենապատիւ Տ. Պասիլիոս Թոմա Ա Կաթողիկոսին։

Նարեկ Սրբազանը Հնդկաստանի երկու Արեւելեան ուղղափառ հոգեւոր պետերին` Նորին Սրբութիւն Տ. Պասիլիոս Թոմա Փաւլոս Բ Կաթողիկոսին եւ ամենապատիւ Տ. Պասիլիոս Թոմա Ա Կաթողիկոսին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի եղբայրական ողջոյններն ու բարեմաղթութիւնները։

31 յունւարին, ժողովականները ս. Յովհաննէս եկեղեցի եւ Հնդիկ ուղղափառ եկեղեցւոյ ձեռագրատունն այցելեցին. իսկ Արեւելեան ուղղափառ եկեղեցիների պատգամաւորները հանդիպում ունեցան Ուղղափառ համացանցային լրատւական գործակալութեան ներկայացուցիչների հետ։

Հռոմէական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ուղղափառ եկեղեցիների աստւածաբանական պաշտօնական երկխօսութեան 12-րդ հանդիպումը տեղի կունենայ 24-31 յունւար 2015-ին, Վատիկանում։