Աղբիւր՝ www.yerkir.am
Քամիշլին համարւում է Սիրիայի ամենաապահով շրջաններից մէկը, որի ընդհանուր ապահովութիւնը ստանձնել է քրդական YPK-ն, որը համարւում է Քրդական բանուորական կուսակցութեան թեւը:
«Արեւելք»-ին յայտնի է դարձել, որ Քամիշլիում գործում են հայկական երկու կենտրոններ եւ ազգային «Եփրատ» վարժարանի նախակրթարանն ու միջնակարգ դպրոցը: Դպրոցի աշակերտութիւնը հիմնականում հայեր են, կան նաեւ օտարազգի աշակերտներ:
Կենտրոններում գործում է նաեւ շտապօգնութիւն: Հայկական կենտրոններն ապահովուած են դեղորայքով, որը հասանելի է հայ բնակչութեանը:
Նշւում է, որ շրջանում ջրի սուր ճգնաժամ է եղել, եւ պատասխանատու մարմիններ տարբեր միջոցներով ջուր են տրամադրել ոչ միայն հայերին, այլեւ միւս տեղաբնակներին:
«Արեւելք»-ի` Քամիշլիից աղբիւրը յայտնել է, որ հայկական կենտրոնների ընդհանուր ծախսերը հոգում են շրջանի ՀՅԴ «Վան» կոմիտէն, ինչպէս նաեւ Առաջնորդարանն ու անհատ բարերարներ: Աղբիւրի տեղեկացմամբ՝ շրջանում ծանր դէպքեր չեն գրանցուել, իսկ գիշերները գործում են շրջող մեքենաներ՝ հայկական թաղամասերի անվտանգութիւնն ապահովելու համար:
Շրջանի ապահովութիւնը ստանձնել են 200 երիտասարդներ, որոնց տրուել են յատուկ անձնաթղթեր, որպէսզի շրջանում գործող այլ ուժեր ճանաչեն նրանց:
Աղբիւրը նշում է նաեւ, որ հայկական շրջաններում ապրում են ամբողջական ինքնավարութեամբ, եւ շրջանի քուրդ պատասխանատուների հետ կայ համերաշխ եւ կառուցողական համագործակցութիւն: