Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

«Հալէպն այս օրերին շարունակում է մնալ զինուած ահաբեկչական խմբաւորումների թիրախում»,- այս մասին «Երկիրն Այսօր»-ին է փոխանցել Սիրիայի մեր թղթակից Զարմիկ Պողիկեանը:

Հոկտեմբերի16-ին հրթիռակոծուել են հայաբնակ Նոր Գիւղի եւ Գաբրիէին թաղամասերը:

Հրթիռակոծութիւնների հետեւանով վիրաւորուել է հայազգի Դաւիթ Տէր-Ներսէսեանը, իսկ 59-ամեայ Վերա Կիրակոսեանը - Կենտիմեանը եւ 20-ամեայ Յարութ Կենտիմեանը մահացել են: Վերջիններս մայր եւ որդի էին: Նրանց յուղարկաւորութիւնը տեղի կ'ունենայ Հալեպի Սուրբ Աստուածածին եկեղեցում:

Զոհերի եւ վիրաւորների վերջնական թիւը դեռ ճշտւում է:

Սիրիական պաշտօնական աղբիւրների համաձայն, նախօրէին սիրիական բանակը լայնածաւալ յարձակումներ է սկսել Հալեպի հարաւային գիւղերի վրայ՝ 4 ուղղութիւններով: Սա նշանակում է, որ Հալեպի ազատագրման եւ Հալէպ-Դամասկոս մայրուղու վերականգնման զինուորական գործողութիւններն արդէն սկսուել են:

Մեր թղթակիցը նաեւ տեղեկացրել է, որ սիրիական բանակը կասեցրել է ապստամբների նախաձեռնած հերթական լայնածաւալ յարձակումը եւ սիրիական ու ռուսական ուժերի օժանդակութեամբ իր վերահսկողութեան տակ վերցրել մի քանի գիւղ: Սիրիական բանակը կոչ է արել ապստամբներին՝ յանձնուել, իսկ խաղաղ բնակչութեանը հրահանգ է տրուել հեռանալ զինեալների կենտրոններից եւ նրանց ապաստան չտրամադրել: Նոյն աղբիւրի համաձայն, սիրիական բանակը ոչնչացրել է Հալեպի արեւելեան շրջաններում գտնուող ապստամբների թաքստոցները: