Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Շառլ Ազնաւուրը պատրաստ է ընդունել ներգաղթեալների: 91-ամեայ աշխարհահռչակ շանսոնյեն կրկին իր մտահոգութիւնն է յայտնել ներգաղթեալների վիճակի մասին, որոնք ստիպուած են փախչել իրենց երկրներից:

«Ես շատ ազդուած եմ այն ամէնով, ինչ կատարւում է այս գաղթականների հետ: Ես պատկերացնում եմ իմ ծնողներին այս իրավիճակում, երբ նրանք լքեցին Հայաստանն ու եկան Ֆրանսիայ: Ահա թէ ինչու ես միշտ կը լինեմ նրանց կողմից, ովքեր թակում են դուռը, եւ ոչ թէ նրանց, ովքեր փակում են այդ դուռը: Բայց ես դասեր չեմ տալիս մարդկանց, իւրաքանչիւրն անում է՝ ինչ ցանկանում է»,- ասել է երգիչը:

Նա նշել է, որ պատրաստ է ներգաղթեալներին ընդունելու իր մօտ:

«Ես ունեմ շարժական տուն գնելու միջոցներ, նաեւ տարածք՝ այն տեղադրելու համար: Պատրաստ եմ զոհելու 2 ձիթենիներս: Պէտք է նրանց համար կեցութեան վայր գտնել, աշխատանք, ստեղծել կեանքի նորմալ պայմաններ: Նրանք պէտք է դառնան այն, ինչ մենք ենք դարձել»:

Ազնաւուրը նաեւ յիշեցրել է այն հնարաւորութիւնների մասին, որ ներգաղթեալները բերում են իրենց հետ.

«Մենք չպէտք է մոռանանք այն ամէնը, ինչ ներգաղթեալները բերել են այս երկիր: Սա բացառիկ հնարաւորութիւն է Ֆրանսիայի համար: Գուցէ նրանց մէջ ապագայ Ազնաւուրն է, ո՞վ գիտէ»,- ասել է շանսոնյեն՝ նշելով, որ իր առաջիկայ համերգները սկսելու է 1986 թուականի գրուած «Ներգաղթեալները» երգով:

«Այն մնում է արդիական»,- ասել է Ազնաւուրը: