Աղբիւր՝ www.yerkir.am
Յունաստան կատարած այցելութեան ժամանակ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինն անդրադարձել է Սիսի կաթողիկոսարանի եւ յարակից կալուածքի վերադարձի պահանջով Թուրքիայի դատարան հայցին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յունական pontos-news.gr-ին տուած հարցազրոյցում կաթողիկոսն ասել է, որ որոշումը չի կայացուել հապշտապ:
«Այս հարցը մենք քննարկել ենք անգամ թուրք իրաւաբանների, միջազգային իրաւունքի, մարդու իրաւունքի մասնագէտների հետ: Ուսումնասիրել ենք Լոզանի պայմանագիրը: Այսինքն` մենք խնդիրն ուսումնասիրել ենք համակողմանի»,- նշել է կաթողիկոսը` յաւելելով, որ, անկախ նրանից՝ Թուրքիան կ'ընդունի, թէ ոչ, իրագործուած ցեղասպանութիւնը փաստ է:
«Դա ոչ ոք չի յօրինել, իսկ Ցեղասպանութեան հետեւանքը շատ լուրջ է: Մեր ժողովրդի ողջ ունեցուածքը, համայնքային շէնքերը, եկեղեցիները աւերուած են՝ հիմնովին կամ մասնակի, եւ դրանց մեծ մասը Թուրքիայի ղեկավարութիւնը սեփականացրել է: 100 տարի անց, իբրեւ կաթողիկոս, յայտարարում եմ, որ այդ կառոյցները պատկանում են հայկական եկեղեցուն, հայ ժողովրդին»,- ընդգծել է կաթողիկոսը` յաւելելով, որ իրենք սկսում են Սիսի կաթողիկոսարանի վերադարձից, քանի որ հարցն ունի քաղաքական, բարոյական, հոգեւոր նշանակութիւն:
Արամ առաջինը շեշտել է, որ առաջին անգամ է, երբ հայ ժողովուրդը, որը պայքարում է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար, նոր ռազմավարութիւն է ընտրել. այն է` հարցը նաեւ դատական ատեանում բարձրացնելը: