Աղբիւր՝ www.tert.am

 

Հայոց ցեղասպանութիւնից յետոյ հայ որբերին ապաստան տուած «Արմէն» ճամբարի քանդման դէմ պայքարողները Թուրքիայում բողոքի երթ են անցկացրել: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով «Ասպարէզ» պարբերականը, «Արմէն» ճամբարի քանդման դէմ պայքարողները մայիսի 22-ի երեկոյեան Ստամբուլի Պեյօղլու Թունել թաղամասում հաւաքուել են եւ քայլարշաւով հասել մինչեւ Գալաթասարայի հրապարակ` ամբողջութեամբ փակելով այն:

Արշաւի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ հարիւրաւոր մարդիկ են մասնակցել զօրակցութեան ցոյցին: Հաւաքի եւ երթի կազմակերպիչները ելոյթներ են ունեցել եւ կոչ արել ճամբարը անմիջապէս եւ առանց որեւէ նախապայմանի վերադարձնել հայերին:

Ստամբուլի Թուզլայ շրջանում գտնուող «Արմէն» ճամբար-որբանոցը վերջնական աւերումից փրկելու համար պայքարը շարունակւում է: Օրեր առաջ շէնքի վերջնական կործանման դէմ պայքարող հարթակներից մէկը` «Նոր Զարթօնքը», յայտարարութիւն էր տարածել` նշելով, որ Թուզլայի հայկական որբանոցն անտէր չէ: Ներկայում որբանոցի շէնքի քանդումը մասամբ դադարեցուած է: Շինութեան վրայ տարբեր պաստառներ են փակցուած եւ գրութիւններ են արուած: