Աղբիւր՝ www.tert.am

 

Հայոց ցեղասպանութեան տարիներին իսլամ ընդունած հայերի` իերնց «ինքնութիւնը վերականգնելու» ջանքերը վերջին տարիներին ակտիւացել են: Հայերը ցանկանում են ապրել ազատ եւ չթաքցնել իրենց ինքնութիւնը:

Ինչպէս հաղորդում է prensacentroarmenio.com-ը` այս առիթով Դերսիմի հայերը զանգուածային մկրտութեան արարողութիւն են կազմակերպել հայկական եկեղեցիներում` «պաշտօնապէս» իրենց կրօնին վերադառնալու համար: Քրիստոնէական վարդապետութեան եւ գիտելիքների ուսուցման 6 ամսուայ արդիւնքում Դերսիմի 12 հայ բնակիչ վերագտել է իր ինքնութիւնը եւ քրիստոնէութիւն ընդունել զանգուածային մկրտութեան արարողութեամբ: Նաեւ մի քանի պսակադրութեան արարողութիւն է տեղի ունեցել մկրտուածների շրջանում:

Քրիստոնէութեան վերադարձած դերսիմցիները ստացել են Կարին, Նաիրա, Տերեւ, Լիայ, Արեւ, Արշալոյս, Քրիստին, Հովնան, Ռուբեն, Յովհաննէս, Մինաս, Լուսին, Մանէ եւ Մինաս անունները: Մկրտութեան արարողութիւնը տեղի է ունեցել Սուրբ Ստեփանոս եկեղեցում` Արամ արքեպիսկոպոս Աթեշեանի ղեկավարութեամբ:

Մկրտուածներից ոմանք հիացմունքի եւ երջանկութեան խօսքեր են ասել: Արեւն ասել է, որ իրենք վերադառնում են իրենց արմատներին, իսկ այդ օրուայ մասին երազում էր մանկութիւնից: Նրա խօսքով՝ ինքն արդէն ազատ է զգում իրեն եւ կը կարողանայ իր աշխատավայրում պաշտպանել հայերին, քանի որ նախկինում դա անել չէր կարող՝ վախենալով, որ կը կորցնի աշխատանքը:

Յովհաննէս Մինասն էլ ասել է. «Սա շատ երջանիկ օր է ինձ համար: Ես կնքուել եմ, եւ մենք այսօր եկեղեցով ամուսնացանք: Սա անարտայայտելի երջանկութիւն է: Մենք երբեք չենք մոռացել մեր կրօնը: Մենք կարող ենք ազատ ապրել հիմա: Ես իմ ծնողներին խոստացել եմ նրանց թաղել հայկական գերեզմանոցում: Մենք սկզբում երեքն էինք, այժմ արդէն տասներկուսն ենք: Մենք շատ երջանիկ ենք»: