Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայում բնակուող փոքրամասնութիւնները, այդ թւում եւ հայերը, երկար տարիներ ապրելով այդ տարածքներում, մինչ օրս չեն կարողանում իրենց զգալ պետութեան լիիրաւ քաղաքացիներ: Ժողովրդի մէջ հայերի նկատմամբ ձեւաւորուած «թշնամու», «դաւաճանի» կարծրատիպերը ստիպում են հայերին օտարուած զգալ այն հասարակութեան մէջ, որտեղ ապրում են:

Այդուհանդերձ, ներկայիս Թուրքիայի տարածքում գտնուող պատմական հայկական բնակավայրերում մնացած հայերի շրջանում շարունակւում է սեփական ինքնութեանը վերադառնալու դրական միտումը:

«Արմէնպրես»-ը խօսել է Մալաթիայի հայերի միութեան նախագահ Գարբիս Էւեափանի հետ, ում գլխաւորած Մալաթիա «Հայդեր» կազմակերպութիւնը եւս մեծ աշխատանք է տանում ոչ միայն հայերի ինքնութեան պահպանման, այլեւ հայկական կոթողների վերականգնման համար:

- Այսօր քանի՞հայ է բնակւում Մալաթիայում: Նրանք թաքցնու՞մ են իրենց ինքնութիւնը, թէ բացայայտ խօսում են դրա մասին:

- Այս պահին Մալաթիայի հայերը շուրջ 60-ն են: Նրանք բոլորն էլ բացայայտ նշում են, որ հայ են, չեն թաքցնում իրենց ինքնութիւնը:

- Կը պատմէ՞ք Մալաթիայի հայերի միութեան՝ «Հայդեր»-ի մասին: Սեփական արմատներին վերադառնալ ցանկացող հայերի համար միութիւնն ի՞նչ գործունէութիւն է ծաւալում:

- Մալաթիայի «Հայդեր» միութիւնը հիմնուել է 2010 թուականին: Մինչ օրս այն տարբեր միջոցառումներ է իրականացրել Ստամբուլում եւ Սփիւռքում բնակուող մալաթիացի հայերի հետ յարաբերութիւնները զարգացնելու նպատակով: Այն ոչ միայն կազմակերպել է տարբեր միջոցառումներ, այլեւ մասնակցել է իսլամացուած հայերի կոնֆերանսին, պատրիարքի եւ վաքըֆների ընտրութեանն առնչուող քննարկումներին եւ առհասարակ այն միջոցառումներին, որոնցում քննարկուել են հայերին յուզող հարցեր: Միեւնոյն ժամանակ, Սուրբ Ծննդի, Զատիկի, Բարեկանդանի նման կրօնական տօներին, մեր աւանդոյթները կեանքի կոչելով, կազմակերպում ենք հաւաքներ: Բացի այդ, կատարուել է Մալաթիայի հայերի պատմութիւնը ներառող գիրքը, որը շատ շուտով լոյս կը տեսնի: Շարունակւում են նաեւ բանաւոր պատմութեան շուրջ տարուող աշխատանքները: Մալաթիայում, համեմատած միւս շրջանների հետ, քիչ է արմատապէս իսլամացած հայերի թիւը: Մեր միութիւնն աշխատանքներ է տանում նրանց՝ հայկական համայնք ինտեգրելու նպատակով:

- ՞Ի նչ վիճակում են Մալաթիայում հայերից մնացած մշակութային կոթողները:

- Աւարտուել են Մալաթիայի հայկական գերեզմանատան անվտանգութեանն ուղղուած աշխատանքները, ծառատունկը, զոհասեղանի եւ դիակի լուացման վայրի կառուցումը: Դեռեւս շարունակւում է տեղի երկու կիսաւեր հայկական եկեղեցու վերանորոգումը: