1988 թւականին փետրւարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատւածում, Բաքւից 20 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւող Սումգայիթ քաղաքում, ադրբեջանական իշխանութիւնների կողմից կազմակերպւեց հայ ազգաբնակչութեան եղեռնն ու զանգւածային տեղահանութիւնը, որն իր դաժանութեամբ ցնցեց համաշխարհային հանրութեանը:
Սումգայիթում հայերի զանգւածային ջարդերի նպատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարւել ազգային-ազատագրական պայքարից:
Սումգայիթի ցեղասպանութեան փաստի քողարկման եւ միջազգային հանրութեան ապատեղեկացման պատճառով Ադրբեջանի իշխանութիւնները շարունակեցին հակահայկական ուժեղ քարոզչութիւնը, ինչը յանգեցրեց 1990 թ. յունւարի Բաքւի կոտորածներին, որոնց զոհ գնացին հարիւրաւոր խաղաղ հայ բնակիչներ:
1988-1990թթ. ադրբեջանական իշխանութիւնների իրականացրած հայերի զանգւածային ջարդերի հետեւանքով վտարանդի դարձաւ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնւազն կէս միլիոն մարդ:
Այս ոճրագործութիւնից 27 տարի անց, դեռեւս ջարդերը չեն արժանացել համարժէք քաղաքական ու իրաւաբանական գնահատականի եւ այդպէս էլ չեն բացայայտւել հանցագործութիւնների արմատները: Ադրբեջանի իշխանութիւնները եւս չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք յայտնել էթնիկական զտումների համար, եւ այսպէս հայերի հանդէպ ցեղասպանութիւն իրականացրած ոճրագործները մինչ օրս մնացել են անպատիժ: