Աղբիւր՝ www.yerkir.am

 

Մարսելցի հայ երիտասարդ Միքայէլ Ասատուրեանի՝ երէկ  (յունուարի 12-ին) տեղի ունեցած դաժան սպանութեան մանրամասներն իր ֆէյսբուքեան էջում ներկայացրել է Արմանդ Աւագեանը:

«Մեզ հասած վերջին հաւաստի տուեալներով, Մարսելի 12-րդ թաղամասում գտնուող Կամի Ժուլիան լիցէյի մուտքի մօտ յանցագործները սպասել են Միշային՝ Միքայէլ Ասատուրեանին։ Նրա դուրս գալուն պէս յարձակուել եւ դանակի հարուածներ հասցրել։

Նա մահացել է եղբօր ձեռքերի մէջ, որը նրան սպասել է դրսում սակայն մինչեւ հասել է, նա արդէն դանակահարուած ընկել է։ Այդ պահին տեղի է ունեցել ծեծկռտուք սակայն յանցագործներին յաջողուել է փախչել։ Ամէն ինչ սկսել է աւելի վաղ՝ լիցէյի սպորտ-հրապարակում՝բասկետբոլի խաղի ժամանակ։

Պատանիների միջեւ եղել է հասարակ լեզուակռիւ,Միշային վիրաւորել են եւ մի աղջիկ սպառնացել է, որ կանչելու է իր բարեկամներին եւ նրա վերջը տալու են՝ սպանելու են։ Բարձրահասակ եւ յաղթանդամ հայ պատանին հասցրել է զգուշացնել եղբօրը, ով անվտանգութեան համար հասել է դպրոց եւ նրան սպասել ելքի մօտ իր ընկերոջ հետ։ Դէպքը տեղի է ունեցել ժամը 16։05 ի մօտ, սակայն շտապօգնութեան ծառայութիւնը ոստիկաններից յետոյ է հասել, հազիւ կէս ժամ անց՝ երեք անգամ զանգահարելուց յետոյ։ Նրանց չի յաջողուել փրկել երիտասարդի կեանքը։

Ամենայն հաւանականութեամբ յանցագործները արաբական ծագումով երիտասարդներ են, որոնց դեռ չեն ձերբակալել։ Ըստ հայամէտ ֆրանսիացի պատգամաւոր Վալերի Բուայէի, ով անմիջապէս յետոյ հասել է սպանութեան վայր, այս դաժան սպանութիւնն առնչութիւն չունի Շարլի Էբդոյի հետ կապուած դէպքերի հետ, սակայն «Բարբարոսութեան բոլոր տեսակների դէմ պէտք է պայքարել համաչափ խստութեամբ»։ Հայ համայնքը շոկի մէջ է։

Միշայի ընտանիքին շատերն էին ճանաչում եւ յարգում։ Նրա հայրը ծնունդով Հայաստանից է եւ միշտ կապ է պահպանում Հայաստանի հետ՝ յաճախակի լինելով հայրենիքում։ Մարսելի հայութիւնը սգոյ հաւաք է կազմակերպել Պրադոյի հայ առաքելական եկեղեցում»։