Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Երկուշաբթի՝ 5 յունուար 2015-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը, Անթիլիասի մայրավանքի վեհարանի գրասենեակում, ընդունեց Լիբանանում Իրանի դեսպան Մուհամմադ Ֆաթհ-Ալիին:

Դեսպանը Նոր Տարուայ եւ Ս. Ծննդեան բարեմաղթութիւնները ներկայացնելուց յետոյ, խօսեց 2014-ի նոյեմբերին Նորին Սրբութեան Իրան կատարած հովուապետական այցելութեան դրական անդրադարձի մասին, թէ՛ պետական եւ թէ՛ կրօնական շրջանակներում:

Ապա, Վեհափառ Հայրապետն իր կարգին դեսպանի միջոցով շնորհակալութիւն յայտնեց Իրանի պետական պատասխանատուներին, իրենց ցուցաբերած ջերմ ընդունելութիւնների համար: Նորին Սրբութիւնը եւ Դեսպան Ֆաթհ-Ալին նաեւ անդրադարձան շրջանում տեղի ունեցող վերիվայրումներին: Վերջապէս, նրանք շեշտեցին Լիբանանի նախագահական շուտափոյթ ընտրութիւնների կարեւորութիւնը:

Նոյն օրը, Արամ Ա Կաթողիկոսը նաեւ ընդունեց Լիբանանի Երկխօսութեան կուսակցութեան ղեկավար Ֆուադ Մախզումին եւ Արաբական դրամատների խմբակցութեան նախագահ դկտ. Ժոզէֆ Թարապային: