Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Այսօրուայ (25.12.2014) դրութեամբ Քեսաբին որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր կառավարութիւնում հրաւիրած ասուլիսում լրագրողներին ասաց Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը՝ անդրադառնալով երեկ տարածուած այն տեղեկութիւններին, թէ Քեսաբին նորից վտանգ է սպառնում, իսկ տեղի բնակչութիւնը տարհանւում է Լաթաքիայ:

«Միշտ մենք պէտք է լարուած լինենք, քանի դեռ Քեսաբում խաղաղութիւն հաստատուած չէ: Միշտ էլ Քեսաբի շրջակայքում հնարաւոր է լարուածութիւն»,- ասաց նա:

Նախարարն ասաց, որ նման լուրեր իրենք երեկ ստացել են, անմիջապէս խօսել են Քեսաբի գիւղապետի հետ: «Նա մեզ ներկայացրեց, որ դրանք ուղղակի լուրեր են, ոչ թէ գործողութիւններ: Նորից մարդիկ կան, որ լուրերի արդիւնքում անմիջապէս վերցրել են երեխաներին եւ գնացել Լաթաքիայ: Բայց մարդիկ էլ կան, որ նորմալ են ընդունել այդ լուրերը, ինչպէս այսօր մեր հայրենակիցներից շատերը ռումբերի տակ ապրում են Հալէպում, միւսները ասում են՝ չէ, ես կը գնամ Հայաստան կամ կը գնամ այլ երկիր, որպէսզի էդ ռումբերից ազատուեմ: Մարդկային կերպարներ են, բայց այս պահին Քեսաբին որեւէ վտանգ չի սպառնում»,- նշեց նախարարը: Նա ասաց, որ չգիտեն, թէ յետագայում ինչ կը լինի, Քեսաբը Թուրքիայի սահմանին մօտ է, եւ հրոսակներն ամէն վայրկեան կարող են ներխուժել այնտեղ: