Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org
Երեքշաբթի` 2 դեկտեմբեր 2014-ի առաւօտեան, Անթիլիասի Մայրավանքում հաւաքուած աւելի քան 300 տիկիններին իր հայրապետական պատգամն ուղղելով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն անդրադարձաւ 2015 թուականի եզակի կարեւորութեանը մեր ժողովրդի համար։ Վեհափառ Հայրապետի պատգամը բաղկանում էր երկու բաժիններից՝ առաջին բաժնում, Նորին Սրբութիւնը խօսեց մեր երէցներին յարգանք ու հոգածութիւն ցուցաբերելու անհրաժեշտութեան մասին, նկատի ունենալով, որ ներկայ տարին իր կողմից հռչակուել էր «Երէցների տարի»։ Վեհափառ Հայրապետը վերաշեշտելով երէցների մասին ժողովրդին ուղղած իր հայրապետական պատգամի կարեւոր կէտերը, յիշեցրեց ներկաներին, որ երէցները մեր կեանքի անբաժան ու անբաժանելի մասն են կազմում։ Ընդունելի չէ, որ նրանք մեր կեանքի լուսանցքի վրայ գտնուող ու մեր անմիջական ուշադրութիւնից հեռու մնացող անձեր նկատուեն. մենք պարտաւոր ենք յատուկ հոգածութիւն, խորունկ սէր եւ բարձր յարգանք ցուցաբերել մեր երէցների նկատմամբ։ Յառաջացեալ տարիքում գտնուող իւրաքանչիւր հայ, կենդանի մի դպրոց է եւ նոր սերունդը շատ բան ունի սովորելիք երէցների կեանքի փորձառութիւնից։
Իր պատգամի երկրորդ բաժնում մէջ, Արամ Ա Վեհափառ Հայրապետը լայնօրէն անդրադարձաւ 2015 տարուայ իւրայատուկ իմաստին ու պատգամին։ Նա ասաց, որ մեր յարգանքն ենք ընծայելու մեր մէկ ու կէս միլիոն նահատակներին, եւ աւելին՝ վերանորոգ կամքով մեր պահանջատիրական ձայնն ենք բարձրացնելու ի լուր աշխարհին։ Մեր իրաւունքները բռնաբարուել են, մեր ժողովրդի արիւնն է հոսել, պետականօրէն ծրագրուած ցեղասպանութիւն է կատարուել մեր ժողովրդի դէմ, մեր եկեղեցապատկան ու անհատական կալուածները բռնագրաւուած են ցեղասպան թուրքի կողմից. մեր ժողովուրդը չի կարող անտարբեր մնալ այս երեւոյթի դիմաց։ Իւրաքանչիւր հայ պահանջատէր է։ Մենք ա՛յս գիտակցութեամբ ու յանձնառութեամբ պէտք է արժեւորենք 100-ամեակը Հայոց ցեղասպանութեան, շեշտեց Վեհափառ Հայրապետը։
Յայտնենք, որ Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքը Արամ Ա Կաթողիկոսի օրհնութեամբ, շաբաթը մէկ անգամ տիկիններին յատուկ հաւաքներ է կազմակերպում Մայրավանքում, որի ընթացքում աղօթքներին, սաղմոսներին ու շարականներին առընթեր Սուրբ Գրքի սերտողութիւն է կատարուում, ինչպէս նաեւ խօսուում է մեր եկեղեցու սուրբերի ու կարեւոր դէպքերի մասին։