Աղբիւր՝ www.yerakouyn.com
Աշխատանքային այցով Ֆրանսիա գտնուող Հ.Հ.-ի Ա.Ժ.-ի նախագահ Գալուստ Սահակեանի գլխաւորած պատուիրակութիւնը նոյեմբերի 23-ին ներկայ է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսայի մասնաճիւղի 2014 թուականի դրամահաւաք-հեռախօսամարաթոնի (ֆոնեթոն) փակման արարողութեանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճիւղի տնօրէն Պետրոս Թերզեանը Հ.Հ.-ի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակեանին ներկայացրել է Ֆրանսիայում ֆոնեթոնի իրականացման պայմանները եւ այս տարուան արդիւնքները` նշելով, որ հակառակ Ֆրանսիայում տիրող տնտեսական ճգնաժամին` ֆրանսահայերի մէջ նկատուում է Հայաստանի հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարւէ տարի աճող հետաքրքրութիւն: Այս մասին յայտնում է Ա.Ժ.-ի Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերու վարչութիւնը:
Նշուել է, որ այս տարի Ֆրանսիայի հայերը մեծ ուշադրութիւն են ցուցաբերել սիրիահայերին վերաբերող ծրագրերին եւ նախաձեռնութիւններին:
Նախաձեռնութեանը Հ.Հ.-ի Ա.Ժ.-ի պատուիրակութեան հետ միասին մասնակցել են Ֆրանսիայի հանրապետութեան Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիփ Կալդենբախը, ֆրանսացի պատգամաւորներ Փաթրիկ Տէւեճեանը, Ժան-մարք Ժերմենը եւ Ժան-Իւ Լը Բուիյոնեքը: Ֆոնեթոնի փակման արարողութեանը ներկայ են եղել նաեւ ֆրանսահայ կազմակերպութիւնների ղեկավարներ, Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչներ եւ հարիւրաւոր ֆրանսահայեր:
Հ.Հ.-ի Ա.Ժ.-ի նախագահին ուղեկցել են Հ.Հ.-ի Ա.Ժ.-ի Հայաստան-ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյեանը, պատգամաւորներ Վահրամ Բաղտասարեանը, Կարէն Աւագեանը, Արմէն Ռուստամեանը եւ Ֆրանսիայում Հ.Հ.-ի արտակարգ եւ լիազօր դեսպան Վիգէն Չիտեչեանը:
Աշխատանքային այցի շրջանակում, նոյեմբերի 23-26-ին Հ.Հ.-ի Ա.Ժ.-ի նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշէի, Ազգային ժողովի նախագահ Քլոտ Բարդոլոնի եւ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: