Աղբիւր՝ www.yerakouyn.com
Սիսի կաթողիկոսական նստավայրը եւ յարակից հայկական կալուածները ետ վերադարձնելու հարցը գտնուում է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսի ուշադրութեան կենտրոնում, եւ Անթիլիասը հետեւողական ջանք ու աշխատանք է տանում այդ հարցում յաջողութեան հասնելու համար: Զուիցերիա կատարած հովուապետական այցի ժամանակ Կաթողիկոսը զրուցել է լրագրողների հետ եւ շեշտել, որ ներկայ դրութեամբ փաստաբանների խումբն ուսումնասիրում է հարցը, որպէսզի ըստ պատշաճի կաթողիկոսարանը դիմի Թուրքիայի Սահմանադրական դատարան:
«Պէտք է նշեմ, որ իրաւական դաշտն այնքան էլ դիւրին չէ, այնքան էլ նպաստաւոր չէ մեր ժողովրդի համար, սակայն պէտք է հաւաքական ճիգ գործադրել այդ ուղղութեամբ: Բոլոր գործընթացները պէտք է ճշտեն, որպէսզի մեր եկեղեցապատկան, ազգապատկան կալուածքները վերադարձնենք մեր ժողովրդին, մեր եկեղեցուն»,- «Արմէնփրես»-ի հաղորդումով` ասել է Արամ Ա Կաթողիկոսը:
Սեպտեմբերի 10-ին Երեւանում կայացած Հայրենիք-Սփիւռք հինգերորդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն ասաց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը այս տարի դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան` Կիլիկիայի պատմական հայկական թագաւորութեան տարածքում գտնուող Սիսի նստավայրը եւ կալուածքները վերադարձնելու պահանջով:
«Մենք Սահմանադրական դատարանտց պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալուածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման պարագային դիմելու ենք Մարդու իրաւունքների եւրոպական դատարան եւ մինչեւ վերջ պայքարելու ենք մեր նպատակին հասնելու համար»,- ասել է Արամ Ա-ը: