Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Երեքշաբթի՝ 2014 թւականի հոկտեմբերի 7-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը, Անթիլիասի մայրավանքի վեհարանի գրասենեակում, ընդունեց Լիբանանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ֆաթըհ Ալիին:

Ծանօթացման այս առաջին հանդիպմնա ընթացքում Վեհափառ Հայրապետն ընդհանուր գծերով տեղեկութիւն տւեց Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան առաքելութեան մասին, թէ՛ շրջանում եւ թէ՛ միջազգային մակարդակի վրայ: Ուշադրութեան յատուկ առարկայ դարձաւ Իրանի հայկական գաղութը: Նորին Սրբութիւնը եւ դեսպանը ողջունեցին իրանահայութեան կազմակերպ կեանքը եւ կենսունակ մասնակցութիւնը Իրանի բարեզարդման աշխատանքներին:

Ապա, նրանք արծարծեցին Միջին արեւելքի ներկայ ընդհանուր կացութիւնը: Վեհափառ Հայրապետը հաստատեց քրիստոնեայ-իսլամ համագոյակցութեան անհրաժեշտութիւնը, յիշեցնելով, թէ ծայրայեղականութիւնը վնասում է կրօնների համագոյակցութեանը: Բաժնելով Արամ Ա Կաթողիկոսի տեսակէտը, դեսպանը եւ Նորին Սրբութիւնը դատապարտեցին Դեր Զորի Նահատակաց մատռան ականահարումը եւ շեշտեցին ծայրայեղականութեան դէմ պայքարելու հրամայականը: Նրանք նաեւ մտահոգութիւն յայտնեցին շրջանում Թուրքիայի պետութեան երկդիմի քաղաքականութեան մասին, որ մանաւանդ այս օրերին, իր ժխտական անդրադարձն է ունենում ամբողջ շրջանի վրայ: