Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Զւիցերիայի Լոզան քաղաքում իրականացել է «Հայ Տէրսիմ» խորագրով Տէրսիմի հայերի զօրակցութեան օր` Տէրսիմի հայերի նկատմամբ կիրարկւած ցեղասպանական քաղաքականութեան եւ նրանց ներկայ վիճակի վերաբերեալ:

Ըստ թրքական «Դեմոքրաթհաբեր» կայքի, ձեռնարկի ընթացքում ելոյթներով հանդէս են եկել տէրսիմահայերի ընկերութեան ներկայացուցիչներ Սթեֆան Ջեմ Հալաւուրթը եւ Ռոբեր Ռեջեփ Քայեանը, ովքեր նշել են, որ Հրանդ Դինքի սեփական կեանքն արժած հաւատքն ու կեցւածքը մեծապէս ոգեշնչել են Տէրսիմի հայերին:

Նրանք ուշադրութիւն են հրաւիրել այն փաստի վրայ, որ 1915 թւականից առաջ եւ յետոյ տէրսիմահայերի հետ տեղի ունեցածն իսկական ցեղասպանութիւն է եղել:

Կարեւոր համարելով տարածաշրջանում եկեղեցիների, վանքերի եւ դպրոցների վերանորոգման աշխատանքները` Հալաւուրթը յայտնել է, որ իրենց յառաջիկայ ծրագրերում կան կրօնական դասընթացքներ եւ Տէրսիմի կենտրոնում մի եկեղեցու կառուցում:

Ձեռնարկի մասնակիցներից Յովսէփ Սէյրանին փաստել է, որ Ցեղասպանութիւնն այսօր էլ շարունակւում է տարբեր ձեւերով: Նրա համոզումով, անցեալից մնացած հետքերի եւ մշակոյթի ոչնչացման ուղղւած ջանքերն եւս Ցեղասպանութեան ուղեկցող գործողութիւններ են:

Իր խօսքով ներկաներին դիմել է ձեռնարկին ներկայ Ռաքէլ Դինքը` Հրանդ Դինքի կինը, որ տէրսիմահայերին կոչ է ուղղել՝ չվախենալ սեփական արմատներին վերադառնալու գաղափարից: «Միայն այդպիսով կարելի կը լինի հասարակութեան նպաստել եւ իրականութեան հետ առերեսւել: Մէկս միւսիս աւելի մտերմացնողը մեր ընդհանուր ցաւն է»,- ասել է Ռաքէլ Դինքը:

Ձեռնարկի ընթացքում ելոյթներով հանդէս են եկել երգչուհի Յասմիկ Յարութիւնեանը եւ աշխարհահռչակ դուդուկահար Ջիւան Գասպարեանը: