Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Երկուշաբթի՝ 22 սեպտեմբեր 2014-ի առաւօտեան, Աթէնք ժամանումից անմիջապէս յետոյ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը խոր ցաւով եւ յուզումով իմացաւ Դեր Զորի եկեղեցու ականահարման մասին: Վեհափառ Հայրապետին հասած տեղեկութիւնների համաձայն, ծրագրւած մի ոճիր է Դեր Զորի մէջ Հայոց ցեղասպանութեան նահատակներին նւիրւած եկեղեցու, նրա կից գտնւող թանգարանի եւ համալիրի ականահարումը ոճրագործ ձեռքերի միջոցով:

Վեհափառ Հայրապետը խստիւ դատապարտելուց յետոյ յիշեալ ոճրային արարքը, ասաց. «Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի սեմին եւ Հայաստանի hանրապետութեան անկախութեան 23-րդ տարեդարձի օրը կատարւած այս ոճիրը, մենք նկատում ենք բարբարոսային մի արարք: Այս ոճիրի ետին գտնւող ձեռքերը թող իմանան, որ մեր նահատակների յիշատակը եւ յանուն արդարութեան մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող Դեր Զորը, որպէս Հայոց ցեղասպանութեան նահատակների սրբավայր, կարելի չէ քանդել մեր ժողովրդի հաւաքական յիշողութեան մէջ»:

Առաւօտեան, Նորին Սրբութիւնը Յուանաստանի Վարչապետ՝ Անտոնիս Սամարասի եւ Աթէնքի ու համայն Յունաստանի Արք. Երոնիմոս Բ Արք.-ի հետ իր հանդիպումների ընթացքում, լայնօրէն անդրադարձաւ Դեր Զորի եկեղեցու եւ համալիրի քանդման ոճրային արարքի մասին: Վեհափառ Հայրապետը կոչ է ուղղել պետական քաղաքական ու կրօնական պատասխանատուներին՝ խստօրէն դատապարտել այս արարքը ու այն օտար շրջանակների ուշադրութեանը յանձնել: