Աղբիւր՝ www.hyeli.com
Վրաստանի հարաւային հայաբնակ շրջանում բացւել է հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոն: Բացումը կայացել է սեպտեմբերի 5-ին՝ Սամցխէ-Ջաւախքի Նինոծմինդա քաղաքում:
News.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ բացման արարողութեան ժամանակ տեղացած անձրեւն ու վատ եղանակը չեն խանգարել տօնական տրամադրութեանն ու համընդհանուր ոգեւորութեանը:
Ախալքալակ եւ Ախալցխա քաղաքների հայկական երիտասարդական կրթամշակութային երկու կենտրոններին այժմ աւելացել է նաեւ Նինոծմինդայի կենտրոնը:
Կենտրոնի բացումն անհնար կը լինէր առանց Հ.Յ.Դ.-ի եւ Հայ օգնութեան միութեան աջակցութեան: Կենտրոնի շէնքը գնւել եւ վերանորոգւել է Ա.Մ.Ն.-ի արեւմտեան ափի եւ Ֆրանսիայի Հ.Յ.Դ.-ի «Ջաւախք» գրասենեակների բարեգործական նւիրատւութիւնների շնորհիւ: Կենտրոնի կահաւորումն իրականացւել է Նոր Ջուղայի (Իրան) եւ Ա.Մ.Է.-ի Հ.Յ.Դ.-ի «Ջաւախք» գրասենեակների բարեգործական նւիրատւութիւնների շնորհիւ: Կենտրոնի շինարարութեանն աջակցել է նաեւ Ֆրանսիայի Ալֆորւիլի քաղաքապետարանը:
Վրաստանի Հայ օգնութեան միութեան ղեկավար Կարինէ Թադէոսեանն ընդգծել է, որ կենտրոնն իսկական նւէր կը լինի Նինոծմինդայի երիտասարդութեան համար: «Կիրականացւի կրթամշակութային ծրագիր. հայոց պատմութեան, հայերէնի ուսուցման դասընթացներ, անգլերէնի, վրացերէնի, ռուսերէնի ուսուցում, համակարգչային ծրագրերի դասընթացներ, ազգային երգերի եւ պարերի ուսուցում, շախմատի, ասեղնագործութեան, նկարչութեան դասեր»,- պատմել է նա: Ըստ Կարինէ Թադէոսեանի` 250-ից աւելի երեխաներ արդէն գրանցւել են որպէս կենտրոնի ապագայ սաներ:
Ֆրանսիայում գործող «Ջաւախք» Հասարակական կազմակերպութիւն (Հ.Կ.)-ի ներկայացուցիչ Ժիրայր Կարապետեանը նշել է, որ իրենց միացել են Ֆրանսիայի պատւիրակութիւնները: «Յատկապէս Ալֆորւիլի քաղաքապետ եւ Ֆրանսիայի Սենատի անդամ Լիւկ Կարւոնասը, որը նիւթական մեծ օգնութիւն է ցուցաբերել կենտրոնի շինարարութեան հարցում: Նինոծմինդա քաղաքը երիտասարդ հայերին միաւորող կենտրոն չունէր»,- շինարարութեան հիմնական պատճառներն է նշել Ժիրայր Կարապետեանը՝ ընդգծելով, որ կենտրոնը կը դառնայ երիտասարդ վրացահայերին միաւորող օղակ:
Երիտասարդական կենտրոնի բացման արարողութեանը ներկայ են եղել նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամաւորներ, Ալֆորւիլ քաղաքի խորհրդի հայ եւ ֆրանսիացի անդամներ: Ալֆորւիլի քաղաքապետ Լիւկ Կարւոնասն ընդգծել է, որ սա Ֆրանսիայի պատւիրակութեան առաջին այցն է Վրաստան եւ Ջաւախք: Ըստ ֆրանսիացի սենատորի` քաղաքապետարանի եւ «Ջաւախք» Հ.Կ.-ի համագործակցութիւնն սկսւել էր դեռեւս 2 տարի առաջ: «Մենք շատ ուրախ ենք ներկայ գտնւել այս միջոցառմանը եւ յուսով ենք, որ այս տարածաշրջան այցելելու դեռ շատ առիթներ կունենանք»,- ասել է Լիւկ Կարւոնասը՝ յաւելելով, որ ինքն Ալֆորւիլի քաղաքապետն է, որի բնակչութեան 10%-ը հայեր են:
Հայ օգնութեան միութեան Ջաւախքի օժանդակութեան հարցերի յանձնախմբի ղեկավար Բագրատ Սարգսեանի խօսքով՝ Նինոծմինդայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի բացմամբ ինչ որ չափով լուծւում է նաեւ շրջանում աշխատատեղերի ստեղծման հարցը: