Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ա.Մ.Ն.-ում բնակւող Աննա Տերկուտ-Աստւածատուրեանի «Ոչ մի տեղ, արտաքսում» գիրքն առաջինն է, որը Բաքւի ջարդերի մասին աշխարհին պատմում է անգլերէն: Հեղինակն այդ իրադարձութիւնների ականատեսն է եղել, եւ գրքում տեղ են գտել հայերի ջարդերի մասին նաեւ այն գրառումները, որոնք նա իր օրագրում արել է 12-14 տարեկանում:
Գիրքը, որի շնորհանդէսն տեղի է ունեցել ուրբաթ, «Նովոստի» միջազգային կենտրոնում, տպագրւել է Ա.Մ.Ն.-ում՝ 1200 օրինակով, վաճառքն իրականացւում է հիմնականում առցանց: Ռուսերէն եւ հայերէն թարգմանութիւնները կը լինեն առաջիկայում:
Աննա Տարկոտ-Աստւածատուրեանին համեմատում են հրեայ գրող Աննա Ֆրանկի հետ, որն իր օրագրում գրառել էր գերմանացիների կողմից հրեաների ցեղասպանութեան դրւագները: «25 տարի առաջ՝ 1989 թւականի սեպտեմբերին ծնողներս, 5 տարեկան եղբայրս եւ ես փախանք մեր բնակավայր Բաքւից եւ հաստատւեցինք Հայաստանում: Ես 11 տարկան էի: Ձեզանից շատերը կը յիշեն՝ այդ տարիներին Երեւանում կեանքը շատ դժւար էր: Դժւարութիւններն աւելի շեշտակի էին 1988 թւականի երկրաշարժի զոհերի ընտանիքների, ինչպէս նաեւ Ադրբեջանից Արցախ տեղափոխւած փախստականների համար: Երկուսուկէս տարի դժւար պայմաններում ապրելով` 1992 թւականին որոշեցինք տեղափոխւել Ա.Մ.Ն.: Ունէինք ընդամենը180 դոլար գումար, 4 ճամպրուկ...
Ա.Մ.Ն.-ում հիմնական նպատակս օրագիրս զաւակներիս եւ թոռներիս համար թարգմանելն էր: Ես համոզւած էի, որ նրանք պիտի դառնան ամերիկացիներ, իրենց արմատներից կտրւեն, եւ կուզէի, որ ծանօթ լինեն իրենց անցեալին եւ ամբողջ այն չարչարանքին, որ ապրեցին Բաքւի հայերը»,- պատմեց Աննա Տերկուտ-Աստւածատուրեանը։