Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութիւնը իր հիմնադրութեան եւ գործունէութեան 70-ամեակի առիթով նախաձեռնել է վերանորոգել երկու դասարան՝ Հայաստանի Արմաւիրի մարզի Գետաշէն գիւղի միջին դպրոցում: Այս աշխատանքին նիւթական յատկացումից բացի՝ իրենց մասնակցութիւնն են բերել Հ. Մ. «Արարատ» Կ.-ի 10 կամաւոր սկաուտներ, որոնք օգոստոսի 16-ին ժամանել են Հայաստան:

Դպրոցը ներկայիս ունի 288 աշակերտ, 2 նախակրթարան եւ 12 դասարան, որոնցից վերջին տարիների ընթացքում վերանորոգւել է 8 դասարան, իսկ 6 դասարան գտնւում է անմխիթար վիճակում: Վերանորոգման ճամբարի տեւողութիւնը լինելու է օգոստոսի 16-ից մինչեւ օգոստոսի 21-ը: Օգոստոսի 19-ին Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտներին կայցելեն «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» (Children of Armenia Fund)- «COAF»-ի կամաւոր երեխաները, որոնք միանալով մեր սկաուտներին՝ կաջակցեն վերանորոգման աշխատանքին:

Ծրագրի փակումը եւ վերանորոգւած երկու դասարանների բացումը տեղի կունենան ոգոստոսի 21-ին՝ Սփիւռքի նախարարի, Արմաւիրի մարզպետի, գիւղի բնակչութեան եւ այլ հրաւիրեալների ներկայութեամբ: