Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Իրանի Սահմանադրական շարժումը եւ Իրանի կրօնական ու ազգային փոքրամասնութիւնների դերը՝ այդ շարժման մէջ:

Այս թեման քննարկւեց օգոստոսի 14-ին կայացած կէսօրեայ համագումարի ընթացքում, որը նախաձեռնել էր փոքրամասնութիւնների հարցով հանր. նախագահի յատուկ ներկայացուցիչ հոջ. Իւնեսիի գրասենեակը՝ համագործակցութեամբ Իրանի Ազգային գրադարանի:

Ազգային գրադարանի դահլիճներից մէկում մեկնարկած միջոցառման սկզբում սահիկների միջոցով ցուցադրւեց Իրանի պատմութեան տարբեր ժամանակաշրջաններում երկրի փոքրամասնութիւնների դերակատարութիւնը:

Համագումարի գիտական հարցերի համադրող դոկտ. Աքբարին իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ հանր. նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի կողմից երկրում տարբեր փոքրամասնութիւնների նկատմամբ, ցուցաբերւած ուշադրութեանը:

Արտայայտւողներից էր նաեւ Ազգային գրադարանի եւ փաստաթղթերի պատասխանատու Սալեհի Ամիրին, որը նշեց, թէ փոքրամասնութիւն բառը յարիր չէ մեր հայրենակիցներին եւ չի արտացոլում նրանց ցուցաբերած կարեւոր դերը՝ Իրանում:

Ելոյթ ունեցաւ նաեւ հանր. նախագահի յատուկ ներկայացուցիչ հոջ. Իւնեսին: Նա իր ելոյթի ընթացքում նշեց, որ ինչպէս արարչութեան մէջ կայ բազմազանութիւն, որը գոյակցում է համադրւած ձեւով, Իրանում եւս կան բազմաթիւ կրօնական ու ազգային փոքրամասնութիւններ, որոնք, բոլորը, իրանական մեծ ընտանիքի մաս են կազմում: Նա աւելացրեց, որ երկրում առկայ է մի ընդհանուր մշակոյթ, որը համայն իրանցիներինն է: Դա իրանական էութիւնն է, իսկ միւս մշակոյթները՝ դա ազգային ու կրօնական փոքրամասնութիւններինն են, որոնք գալիս են կատարելագործելու այդ ընդհանուր մշակոյթը: Նա նշեց, որ Իրանի գլխաւոր թշնամիները նրանք են, ովքեր միտում են այդ երկուսը հակադրելու:

140816a02aՀամագումարի գլխաւոր թեման՝ Սահմանադրական շարժման մէջ Իրանի ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների դերը, բաժանւել էր երեք հիմնական բաժինների եւ իւրաքանչիւր բաժնում ելոյթով հանդէս էին գալիս չորս բանախօսներ: Առաջին բաժնում, որը կոչւում էր հայութեան բաժին, գլխաւոր բանախօսն էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Նա անդրադարձաւ Իրանում հայ ժողովրդի ներկայութեան պատմական տւեալներին: Ապա կարեւորւթեամբ խօսեց Իրանի ազատագրական պայքարի հոլովոյթում իրանահայութեան անժխտելի դերակատարութեան մասին՝ անդրադառնալով Սահմանադրական շարժման ռահվիրայ Եփրեմ խանի դերակատարութեանը եւ ժամանակին՝ 1907 թւականին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 4-րդ Ընդհանուր ժողովում այդ կապակցութեամբ ընդունւած որոշման մասին:

Դոկտ. Խանլարեանն իր ելոյթի վերջում քննադատեց այն երեւոյթը, որ Իսլ. խորհրդարանի թանգարանում, որի մի բաժինը յատկացւած է Իրանի Սահմանադրական շարժմանը, շրջանցւել է իրանահայութիւնը եւ ոչ մի նշում գոյութիւն չունի Եփրեմ խանի անմնացորդ ծառայութիւնների մասին, որին եւրոպացի պատմաբանները կոչում էին Իրանի Գարիբալդի:

Ելոյթներով հանդէս եկան նաեւ Իսլ. խորհրդարանում զրադաշտականների պատգամաւոր դոկտ. Էխթիարին, հոջ. Իւնեսիի գրասենեակի պատասխանատու դոկտ. Զարէն եւ դոկտ. Աքբարին:

Երկրորդ բաժինը Ատրպատականի դերակատարութեան մասին էր, ուր պատմաբան դոկտ. Ղադիմին կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայութեան դերին՝ Սահմանադրութեան շարժման մէջ: Վերջին բաժնում երեք դասախօսներ անդրադարձան բախտիարցիների դերակատարութեանը: Միջոցառմանը ներկայ էին նաեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ: