Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայում այսօր 35-40 հազար համշէնահայ կայ, նրանց շուրջ 70 տոկոսը բնակւում է Հոփա քաղաքում: Հարիւրամեակներ շարունակ նրանք ինքնութեան ու լեզւի պահպանութեան դժւար ճանապարհ են անցել: Այս մասին լրագրողների հետ այսօր խօսել են Հայաստան ժամանած 2 համշէնահայերը:
Ասլան Ջանջն ասմունքում է մայրենի լեզւով՝ համշէնահայերէն: Ընկերոջ՝ Ռեմզի Գեդիքի հետ որպէս զբօսաշրջիկ եկել են Թուրքիայի՝ համշէնահայերով ամենաշատը բնակեցւած Հոփա քաղաքից:
Համշէնի հայերն աշխարհով մէկ տարածւել են դեռ Ցեղասպանութիւնից առաջ: 18-րդ դարի վերջին շատերը բռնի մահմեդականացւել են, միւսները՝ ստիպւած հեռացել հայրենիքից:
Ռեմզի Գեդիքն ասում է, որ Հոփայում համշէնահայերը հիմնականում անասնապահութեամբ են զբաղւել, բայց 1980-ականներից յետոյ կեանքը գիւղերում դժւարացել է, եւ շատերը տեղափոխւել են քաղաքներ, սկսել առեւտրով զբաղւել, ներգրաււել պետական սեկտորում: Բայց փոքրամասնութիւնների նկատմամբ պետական խտրական վերաբերմունքն, ամէն դէպքում, զգում են:
"Թուրքիայի հանրապետութեան հիմանդրումից ի վեր ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ խտրական քաղաքականութիւն է տարւում, որովհետեւ նրանք միշտ որպէս վտանգ են ընկալւել: Բայց ես՝ որպէս համշէնահայ, այդպիսի ընդգծւած վերաբերմունք չեմ զգացել, գուցէ պատճառն այն է, որ մինչեւ վերջին 30 տարիներն անասնապահութեամբ էինք զբաղւում, իսկ այդտեղ խտրականութիւն չէր կարող լինել: Փոխարէնը, խտրական վերաբերմունքը զգացել ենք դպրոցում, որտեղ փոքրամասնութիւններին արգելւում էր խօսել իրենց մայրենի լեզւով: Դրա համար նոյնիսկ պատիժ էր հասնում: Բայց փաստն այն է, որ մենք կարողացել ենք պահպանել մեր լեզուն",- ասաց Ռեմզի Գեդիքը։
Համշէնահայերից շատերը յաճախ չգիտեն էլ, որ հայ են: Հարցին` հա՞յ ես, պատասխանում են` համշէնցի եմ: Շատերը մոռացել են անգամ համշէնահայերէնը: Սրան նպաստում է նաեւ փոքրամասնութիւնների ինքնութիւնը մոռացութեան ենթարկելու՝ Թուրքիայի պետական քաղաքականութիւնը:
"Օրինակ, թուրք պատմաբան Քիրզիօղլուի տարածած տեսութեան համաձայն՝ համշէնահայերը ծագում են օւուզական ցեղերից: Անհնար է, որ այդ չակերտաւոր գիտնականների աշխատութիւններն ընթերցած համշէնահայերը չընկնեն դրա ազդեցութեան տակ: Շատերը երկդիմի վիճակում են յայտնւել եւ չեն կարողանում կողմնորոշւել իրենց ծագումնաբանութեան հարցում: Բայց վերջին շրջանում, յատկապէս համշէնահայ երիտասարդները, որոնք սկսել են կրթութիւն ստանալ եւ հետաքրքրւել համշէնական մշակոյթով, նկատում են, որ այն աղերսներ ունի հայկական մշակոյթի հետ: Եւ սկսում են մտածել այդ փաստերի մասին",- ասաց Ասլան Ջանջը։
Ասլան Ջանջը ստուգաբանում է իր անունը. համշէնահայերէն "ճանճ"` "մեղու" բառից է, իսկ իր նախնիները մեղւապահներ են եղել: Համշէնահայերն իրենց երեխաներին մեծաւ մասամբ թուրքական անուններով են կոչում: Վերջին շրջանում, սակայն, նորածիններին նաեւ հայկական անուններ են տալիս, օրինակ՝ Արեւ, Կարէն: Ինքնութիւնն ու մշակոյթը պահպանելու նպատակով գործում է "Հատիկ" կոչւող կազմակերպութիւնը: Սեպտեմբերին լոյս կըը տեսնի Թուրքիայում 1-ին համշէնահայ ամսագիրը: