Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հալէպի հայաշատ թաղամասերում անցած երկու օրերին դարձեալ պայթիւններ են լսւել: Ինչպէս տեղեկացնում է մեր սեփական թղթակից Մարիա Գաբրիէլեանը, զինեալ ահաբեկչական խմբաւորումների կողմից արձակւած հրասանդի արկի պայթիւնի հետեւանքով Սուլէյմանիէ թաղամասում վիրաւորւել են Աւետիս եւ Էլիզ Քիւրքջեանները, իսկ պատահական փամփուշտից վիրաւորւել է Լարա Սնունին: Վիրաւորների վիճակը գնահատւում է բաւարար: Հալէպում կան թաղամասեր, որոնք աւելի քան 50 օր ջրազրկւած են, սակայն, ընդհանուր առմամբ, ջրամատակարարման հարցը համեմատաբար կարգաւորւել է, եւ էլեկտրական սարքերի միջոցով հնարաւոր է լինում որոշակի ժամերի տուն ջուր հասցնելը: Այնուհանդերձ, մարդիկ շարունակում են տուն տանել դպրոցների, եկեղեցիների եւ մզկիթների բակերում փորւած հորերի ջուրը, որը, սակայն, խմելու համար պիտանի չէ եւ օգտագործւում է բացառապէս կենցաղային նպատակներով: