Սիրելի հայրենակիցներ, Սիոնիստական «​​ապարտէիդ» պետութիւնը բռնազաւթելով Երուսաղէմի ճնշում է բանեցնում բռնագրաււած տեղի հայ քաղաքացիների վրայ, որի պատճառով նրանք, ինչպէս նաեւ նրանց քրիստոնեայ ու մահմեդական արաբ եղբայրները, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ի լուր աշխարհի: Թէեւ չենք ակնկալում, որ Գազայի տասնեակ հազարաւոր մարդկանց, այդ թւում՝ անմեղ երեխաների, կանանց ու տղամարդկանց սպանութեան դիմաց անտարբեր մնացած իրաւապաշտպաները այս ուղղութեամբ քայլեր ձեռնարկեն, բայց եւ այնպէս աշխարհի ազատախոհ ժողովրդի ուշադրութիւնը հրաւիրում ենք Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի յայտարարութեան վրայ։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

«Այսօր, 3 ապրիլ 2024-ին, մօտաւորապէս ժամը 11:00-ին, Իսրայէլի ոստիկանութիւնը ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան «Կովերի պարտէզ» կալւածից` ոչնչացնելով Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի գոյքը եւ յարձակւելով հոգեւորականների եւ տեղացի հայերի վրայ:

«Վտարումը ղեկավարել է Ասաֆ Հարել անունով սպան:

«Երբ սպաների խմբից պահանջւել է հայ հոգեւորականների եւ տեղացի հայերի բռնի տեղահանելու, վտարելու, գոյքը ոչնչացնելու մասին արտօնագիր ներկայացնել, վերջիններս որեւէ արտօնութիւն կամ դատարանից որոշում չեն ներկայացրել եւ շարունակել են պաշտպանել ու աջակցել «Xana Gardens»-ի ներկայացուցիչներին` Հայոց պատրիարքարանի գոյքը ոչնչացնելու համար: Ապօրինի գործողութիւնները դադրեցնելու փորձի ընթացքին մի քանի ոստիկաններ շարունակաբար յայտարարել են, թէ եկել են արտօնագրով, սակայն բնաւ չեն ներկայացրել յիշեալ արտօնագիրը եւ ասել են. «Մենք այստեղ ենք` պաշտպանելու «Xana Gardens»-ի աշխատողների իրաւունքները»:

«Երուսաղէմի Հայոց պատրիարքութիւնը Սուրբ Երկրի սրբատեղեաց պահապաններից մէկն է եւ Երուսաղէմի չորս թաղամասերից մէկի վերահսկողը: Մենք ակնկալում ենք ամբողջական պատշաճ գործընթաց, ինչպէս որ տրւած է բոլորին Երուսաղէմի մէջ, եւ պատասխաններ ենք պահանջում Իսրայէլի ոստիկանութիւնից եւ Իսրայէլի կառավարութիւնից` այսօրւայ իրադարձութիւններին նրանց մասնակցութեան համար:

«Աներկբայ է, որ այսօրւայ սադրանքները Հայկական թաղամասի եւ նրա օրինական հողերի դէմ նախադէպ ստեղծելու փորձեր են: Մենք պիտի շարունակենք ամուր մնալ մեր դիրքերի մէջ եւ պիտի հրաւիրենք ամբողջ աշխարհի քրիստոնեաների ուշադրութիւնը խաղաղ հայ քրիստոնեայ համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգութիւնների վրայ»:

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Դիւան

 

Սպահանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի դիւանը իր վրդովմունքը յայտնելով այս միջադէպի առթիւ, խստօրէն դատապարտում է Պաղեստինի, յատկապէս Գազայի ճնշւած ժողովրդի նկատմամբ մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմի դաժանութիւններն ու բռնութիւնները, ինչպէս  նաեւ Երուսաղէմում գտնւող՝ Հայ Առաքելական Եկեղեցու կալւածի իւրացումը։

ԴԻՒԱՆ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ – 23 Ապրիլի 2024