Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Յունիս ամսւայ սկիզբին Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան տպարանում լոյս տեսաւ յուշամատեանների վեցերորդ հատորը՝ «Դիւցազնական Ուրֆան եւ իր Հայորդիները»:

Ինչպէս յայտնի է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան նախաձեռնութեամբ եւ անմիջական հսկողութեամբն ու հետեւողութեամբը սուրբ աթոռի գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի, Անթիլիասի տպարանում շարունակւում են լոյս տեսնել Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիայի ամբողջ տարածքում գտնւող եւ շրջաններին նւիրւած յուշամատեանների վերահրատարակութեան աշխատանքները:

Վերջին տարիների ընթացքում, արտասահմանում հրատարակւած գրքերի շարքում կարեւոր տեղ են գրաւում յուշապատումները:

Պատմական ազգագրական խնդիրների զարգացման համար այնքան թանկագին այս հրատարակութիւնների շարքին, ահա աւելանում է նաեւ Ուրֆայի պատմութեանը նւիրւած մի գիրք:

Մերձաւոր Արեւելքի այս պատմական քաղաքը Հռչակաւոր է եղել թէ իր անցեալով եւ թէ իր հայկականութեամբ: Ուրֆան նաեւ եղել է քրիստոնէութեան առաջին օրրանը: Աբգար Ե-ի եւ Ս. Դաստարակի աւանդութեան միջից՝ իբրեւ պատմական իրողութիւն ներկայանում է Քրիստոսի առաքեալներից Ս. Թադէոսի Ուրֆա այցելութիւնը եւ այնտեղ աշխարհի հնագոյն եկեղեցու հիմնադրութիւնը՝ նրա իսկ ձեռքով:

Ինչպէս այս գրքի պատմական բաժինն է ցոյց տալիս, հայ եկեղեցականութեան մեծագոյն դէմքերը Խորենացիից մինչեւ Շնորհալին, Ուրֆայից են քաղել իրենց գործերի համար անհրաժեշտ ատաղձը: Ուրֆան հռչակաւոր է եղել նաեւ իր աստւածաբանական դպրոցով: Ահաւասիկ լիարժէք եւ պատմութեան էջերին զարկ տւող զնգուն Ուրֆան...

Խմբագրական կազմը կարգով դասաւորել է այն բոլոր պատմական դէմքերը, որոնք Ուրֆայի ծնունդ լինելով, հին օրերից մինչեւ 15-րդ դար ծառայել են մեր ժողովրդին ու դարձել համազգային արժէք:

Անթիլիասի տպարանում յաջորդաբար հրատարակութեան են յանձնւելու «Պատմագիրք Կիւրինի», «Վասպուրական», «Մարաշ կամ գերմանիկ» յուշամատեանները: