Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրք յայտնի պատմաբան Թաներ Աքչամը, ով բազում աշխատանքներ է իրականացրել Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ, անդրադարձել է Թուրքիայի համալսարաններից մէկում աւարտական քննութեան ժամանակ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ուսանողներին տրւող քննական հարցերին:
«Ակօս»-ին իր կարծիքը յայտնած պատմաբանն ասել է. «Չիմացայ՝ ինչ ասել: Լաց լինել, թէ` ծիծաղել՝ չկողմնորոշւեցի: Իրականում ծիծաղս էր գալիս, քանի որ որոշ հարցերի պատասխանների տարբերակները տարօրինակ էին: Օրինակ՝ «1915 թւականին Օսմանեան կայսրութիւնը բանակի եւ քաղաքացիների վրայ յարձակւած հայերին, որոնք համագործակցում էին Ռուսաստանի հետ, «տեղահանման օրէնքով» տեղափոխել է Սիրիա: Այս ծրագրով Օսմանեան կայսրութիւնն իր ծրագրած ո՞ր նպատակներին է կարողացել հասնել» հարցին պատասխանի 3 տարբերակ են ներկայացրել: Խելքը գլխին մարդը կը հասկանայ, որ նրանց տւած տարբերակներից երեքն էլ ճիշտ են: Օրինակ՝ տարբերակ 1՝ «ներքին խաղաղութիւն ապահովել», այո, իթթիհատականները իրականում այդպէս մտածեցին: Տարբերակ 2՝ «ամրապնդել հայրենիքի պաշտպանութիւնը», այո, սրա մասին նոյնպես մտածում էին: Տարբերակ 3՝ «կանխել հայերի մասնակցութիւնը կառավարմանը», այո, եթէ մեկը փոքր-ինչ պատմութիւնից տեղեակ է, կը հասկանայ, որ բոլոր այս տարբերակները եղել են նրանց նպատակները»:
Անդրադառնալով նաեւ միւս հարցերին, որոնք եւս նման «բառախաղեր» են ունեցել իրենց պատասխանների մէջ, Աքչամն ասել է. «Ի՞նչ էք ակնկալում, որ ասեմ: 90 տարւայ ժխտման քաղաքականութեան զզւելի, էժանագին կրկնութիւն... Ափսոս, ափսոս այս երիտասարդներին, ափսոս այս երկրի ապագային... Պարզ ասեմ՝ կարծում եմ՝ առաջին հերթին այս երկիրը պէտք է ազատել նմանատիպ «կրթողներից»: Այս գիտակցութեամբ, այս մտածելակերպով մանկավարժներ ունեցող պետութեան հետ ոչ մի խնդիր լուծել չէք կարող... Ափսոս»: