Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին յարաբերութիւնների հարցերի յանձնաժողովը «Հայոց ցեղասպանութեան պնդումներ» հարցով յատուկ օրակարգով հանդիպում է անցկացրել:

Ըստ Haberturk-ի՝ նիստի ընթացքում քննարկւել են 1915 թւականի դէպքերը, ինչպէս նաեւ Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի նախօրէին հայկական սփիւռքի հնարաւոր քայլերն ու դրանց դէմ Թուրքիայի քայլերը:

Նիստի ժամանակ քննարկւել է այն հարցը, թէ հայկական լոբբին մեծ բիւջէ է պատրաստւում յատկացնել ֆիլմի նկարահանման համար, որին ի պատասխան, Թուրքիան եւս նմանատիպ նախաձեռնութեամբ հանդէս կը գայ: Յայտնել են նաեւ, որ թուրքական ֆիլմը կը կոչվի «Մեր սրտի խոցը», որի նկարահանումները տեղի կունենան Իգդիրում:

Ազգայնամոլների կուսակցութեան անդամ Սինան Օղանը, սակայն, չի համաձայնել ֆիլմի անւան հետ` պնդելով, որ այն «նման է սիրային ֆիլմի վերնագրի»:

Յայտնել են նաեւ, որ հայկական լոբբին 1915 թւականի դէպքերի 100-ամեայ տարելիցին ընդառաջ կը նկարահանի ֆիլմ, որի մասին առաջարկն արդէն ներկայացւել է յայտնի ռեժիսոր, սցենարիստ Սթիւեն Սփիլբերգին: Հայկական ֆիլմը կը կոչւի «Վիրաւորը»։ Ըստ թուրքական լրատւամիջոցի պնդումների՝ ֆիլմում 1869 թւականին Քութահեայում ծնւած Սողոմոն Սողոմոնեանի՝ Կոմիտասի դերը կը կատարի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը։ Ըստ տեղեկութիւնների՝ ֆիլմում դեր կունենայ նաեւ Դասթին Հոֆմանը, իսկ ֆիլմի երաժշտութեան հեղինակը կը լինի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկեանը։