Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Թուրքիայի նախագահին 24 ապրիլ 2015-ին հրաւիրել է Հայաստան: Նախագահն այս մասին յայտարարել է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած նախաձեռնութիւնները համակարգող պետական յանձնաժողովի չորրորդ նիստի ընթացքում։

«Եթէ Թուրքիայի իշխանութիւններին հետաքրքրում է ճշմարտութիւնը, ուրեմն նրանք պէտք է գան Հայաստան եւ ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թէ դրանից յետոյ նրանք արխիւներ այցելելու մասին միտք հնչեցնել կը կարողանան: Օգտւելով այս առիթից՝ պաշտօնապէս հրաւիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրւի առաջիկայ ընտրութիւնների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թւականի ապրիլի 24-ին եւ առերեսւելու Հայոց ցեղասպանութեան պատմութեան խօսուն վկայութիւններին»,- յայտարարել է Հայաստանի նախագահը:

Նա տեղեկացրել է նաեւ, որ հրաւէրներ են ուղարկւել մի շարք պետութիւնների ղեկավարներին 2015-ի ընթացքում եւ յատկապէս ապրիլի 24-ին այցելելու Հայաստան՝ հայերի հետ յարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանութեան մէկուկէս միլիոն անմեղ նահատակների յիշատակին, ձայն բարձրացնելու Ցեղասպանութեան յանցագործութեան դէմ առհասարակ եւ արձանագրելու, որ հայ ժողովուրդը ո՛չ միայն վերապրեց, այլ նաեւ վերածնունդի ճամբան բռնեց:

Սերժ Սարգսեանի համաձայն՝ պաշտօնական Անկարան շարունակում է խօսել պատմաբանների յանձնաժողով ստեղծելու եւ արխիւները բանալու մասին, մինչ Հայաստանի արխիւները միշտ բաց են եղել բոլոր այն հետազօտողների համար, որոնք հետաքրքրւած են այս հարցի գիտական բաժնով: Տրամադրելի են եղել նաեւ գիտական հաստատութիւնների եւ թանգարանների մէջ պահւող նիւթերը: «Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց ցեղասպանութեան ճշմարտութեանն առերեսւելու համար արխիւային աշխատանք ընդհանրապէս չի պահանջւում: Բաւական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք եւ վկայութիւնները կը լցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բաւական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին եւ տեսնել, թէ ո՞րն է այդ օրւայ խորհուրդը իւրաքանչիւր հայի համար՝ Հայաստանում եւ Սփիւռքում: Բաւական է գնալ Սփիւռքի ցանկացած համայնք եւ հարցնել՝ ինչպէ՞ս են ձեր նախնիները յայտնւել այստեղ»,- ընդգծել է Հայաստանի նախագահը՝ միաժամանակ նշելով, որ այս բոլորով հանդերձ հայերը թշնամութիւն չեն տածեր թուրք ժողովրդին նկատմամբ։