Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերիւ գրասենեակի տնօրէն Կիրօ Մանոյեանը գրում է.

1) Որքան էլ աննախընթաց լինի վարչապետ Էրդողանի քայլը, շատ հեռու է իրական զղջումի արտայայտութիւնից։ Նա խեղաթիւրում է իրականութիւնը եւ փորձում նոյնացնել բոլորի ցաւերը` անտեսելով, որ Հայոց ցեղասպանութիւնը ծրագրւած եւ գործադրւած է նոյնինքն Օսմանեան եւ Հանրապետական Թուրքիայի պետութեան կողմից։ Այս իմաստով Էրդողանը շարունակում է անտեսել նոյնիքն թրքական դատարանների կողմից 1919-ին կատարւած դատավարութիւնները։

2) Էրդողանը կրկնում է նոյն հանկերգը՝ «պատմաբանների յանձնաժողով» կազմելու, որին Հայաստանն ու հայութիւնը բազմիցս պատասխանել են, որ անընդունելի առաջարկ է։ Բաւական է, որ Թուրքիայի պետութիւնն ինքն իր հետազօտութիւնը կատարի (եթէ դրա կարիքն է զգում), որովհետեւ խնդիրը ոչ թէ պատմական վէճ է, այլ՝ Թուրքիայի պետութեան կողմից ժխտումի քաղաքականութիւն` հակառակ բազմաթիւ անկախ մասնագէտների կողմից կատարւած ուսումնասիրութիւնների եզրակացութեան, որ կատարւածը ցեղասպանութիւն է։

3) Էրդողանը փորձում է մէկ մշուշոտ ուղերձով շղարշ քաշել Թուրքիայի հակահայ քաղաքականութեան վրայ՝ սկսած Հայաստանի անօրէն ցամաքային շրջափակումից մինչեւ հակահայ քարոզչութիւն եւ ժխտողական աշխատանք աշխարհով մէկ, մինչեւ վերջերս Քեսաբի դէմ կատարւած յարձակումներին բացայայտ մեղսակցութիւն։ Թուրքիայի վարչապետը փորձում է այս քայլով մեղմել իր ղեկավարած պետութեան վրայ միջազգային համայնքին կողմից կատարւող ճնշումը՝ առերեսւելու իր իսկ պատմութեան հետ։

4) Վարչապետ Էրդողանը շարունակում է ոչ միայն խեղաթիւրել պատմութիւնը, այլեւ՝ զրկել Թուրքիայի հասարակութեանն իր ճշմարիտ պատմութիւնն իմանալու հնարաւորութիւնից։