Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայում քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խորհրդարանական հանդիպման ժամանակ սենսացիոն յայտարարութիւն է արել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանութեանը:

Ըստ Agos-ի՝ Դեմիրթաշը պատմել է, որ 1915 թւականի ցեղասպանութիւնն սկսւել է պոլսահայ 246 մտաւորականի աքսորմամբ: Նա շեշտել է, որ «Իթթիհադ եւ թերաքի» կուսակցութեան նպատակն էր ոչնչացնել եւ այդ հողերից մաքրել բոլոր նրանց, ովքեր թուրք եւ մուսուլման չէին:

«Հայ բառն ընկալում են որպէս հայհոյանք: Թուրքիան պէտք է իր ցաւոտ պատմութեան հետ առերեսւի: Եթէ չենք ցանկանում, որ մեր մարդկային ինքնութիւնը չոտնահարւի, ապա անմեղ ազգերի նկատմամբ արւած ոչ մի անարդարութեան դէմ պէտք է աչք չփակենք: Ապրիլի 24-ն այդ ցաւերի հետ առերեսման համար առիթ է: Մեր կառավարութիւնը ոչ-մուսուլման տարրերի նկատմամբ խտրական, արհամարհական կեցւածք է ցուցաբերում: Այս երկրում ապրում են հայեր, յոյներ: Նրանց հաշւի առնելը ձեզ համար ցա՞ւ է»,- ասել է Դեմիրթաշը եւ յաւելել, որ իրենք կիսում են հայերի վիշտն ու ակնկալում արդարութիւն, նաեւ հաւատում, որ միասին խաղաղութեան ճանապարհը կը կերտեն: