Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

52 շաբաթ մնացել է Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին, այդ ժամանակահատւածը պէտք է  արդիւնաւէտ օգտագործել: Այս հաշւարկը, ըստ Armradio.am-ի, արել է Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի անդամ Մայք Անթոնովիչը: Լոս Անջլեսի մարզի ղեկավար մարմնում աշխատանքի անցնելուց ի վեր` արդէն 33 տարի, նա հեղինակում է Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող հռչակագիր: Նա ամրագրում է, որ Լոս Անջլեսի 10 միլիոն բնակիչների անունով կառավարիչների խորհուրդը դատապարտում է 1915-23 թւականներին Օսմանեան կառավարութեան իրականացրած վայրագութիւնները եւ Թուրքիայի ներկայ ժխտողականութիւնը: Ապագայ սերունդներին անհրաժեշտ է տեղեկացնել պատմական փաստերի մասին` ցեղասպանութեան կրկնութիւնը ապագային բացառելու համար, գրւել է փաստաթղթի մէջ: Լոս Անջլեսի կառավարիչների խորհրդի անդամների ստորագրութիւնը կրող հռչակագիրը Մայք Անթոնովիչը յանձնեց Լոս Անջլեսում Հայաստանի կառավարութեան ներկայացուցչին, համայնքի հոգեւոր առաջնորդներին եւ հասարակական կառոյցների անդամներին:

«Երախտապարտ եմ այս խնդրի հանդէպ ձեր ուշադրութեան համար: Ոճիրը, որ տեղի է ունեցել 99 տարի առաջ, ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ մարդկութեան դէմ իրագործւած յանցագործութիւն է: Հայոց ցեղասպանութեան ճանաչումից եւ հատուցումից բացի, մեզ համար առաջնային է ապագան ապահովագրել նրա կրկնութիւնից»,- ասալ է Լոս Անջլեսում Հ.Հ. գլխաւոր հիւպատոս Սերգէյ Սարգիսովը:

«Լոս Անջլեսի ամերիկահայ համայնքը պահանջում է , որ ամերիկեան իշխանութիւնը եւ պաշտօնեաները ճանաչեն Հայոց ցեղասպանութիւնը: Դա շատ կարեւոր է ապագայի համար երաշխիքներ ստեղծելու եւ ցեղասպանութեան կրկնութիւնը բացառելու տեսակէտից»,- ասել է Հայ-ամերիկեան խորհրդի անդամ Գրիգոր Մոլոյեանը:

Մայք Անթոնովիչը նոյնպէս շեշտելէ, որ քանի դեռ միջազգային հանրութիւնը միաձայն չի դատապարտել Հայոց ցեղասպանութիւնը, այն շարունակւելու է, եւ, փաստացի, շարունակւում է մեր օրերին: «Մենք այսօր ականատես ենք լինում ցեղասպանութեան կրկնութեանը. մեր կառավարութիւնը պարտաւոր է ոչ միայն ճանաչելու եւ դատապարտելու Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ բարոյապէս սատար կանգնելու Հայ ժողովրդին` Թուրքիայից ճանաչում եւ հատուցում պահանջելու գործին: Քանի դեռ դա չենք արել, ոճիրը կը կրկնւի, ինչպէս այսօր տեղի է ունենում Միջին արեւելքում: Ես շատ մտահոգւած եմ Մ.Ն.-ի նախագահի` Սիրիայի հարցով անգործութիւնից, մենք ականատես ենք լինում, թէ ինչպէս սիրիահայերը կրկին ահաբեկութեան են ենթարկւում, տարագրւում են եւ սպանւում: Մինչդեռ Մ.Ն.-ի նախագահը կարծես անգործութեամբ նպաստում է Միջին արեւելքում իրավիճակի պահպանմանը, որ անընդունելի է: Ժամանակն է` այս հարցով միաւորել ուժերը եւ  վերջ դնել այս վիճակին»,- ասել է Մայք Անթոնովիչը:

Լոս Անջլեսի կառավարիչների խորհրդի անդամ Մայք Անթոնովիչի խօսքով, ամերիկեան հանրային դպրոցներում անհրաժեշտ է  ցուցադրել Հայոց ցեղապսնաթեան մասին փաստագրական ժապաւէններ, որոնք պատմում են` ինչպէս ամէն ինչ տեղի է ունեցել. ինչպէս են սպանել, խոշտանգել հայերին, կանանց` դաջել ու ստրկացրել: Անթոնովիչ շեշտել է, որ այդ ամէնը պէտք է իմանան յատկապէս երիտասարդները, քանի որ եթէ նոյնիսկ աշխարհը մոռացութեան մատնի անցեալի այդ էջը, միեւնոյն է, ցեղասպանթիւնը ինքը յիշեցնելու է իր մասին` նորէն կրկնւելով: