Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքական լրատւամիջոցների տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը հանդիպում է ունեցել Թուրքիայի երիտասարդ գործարարների կոնֆեդերացիայի նախագահ Էրքան Գիւրալի եւ գործադիր խորհրդի նոր կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկւել է թուրքական լոբբիի աշխատանքն Օսմանեան կայսրութիւնում իրականացւած Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի միջոցառումների դէմ: Այդ առնչութեամբ Գիւրալը յայտարարել է, որ իրենց «Ազգային հարց» նախագծում ներառւած է «Թուրքական լոբբիի աշխատանքը` ընդդէմ Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի կապակցութեամբ միջոցառումների» ծրագիրը:

Գիւրալը վստահութիւն է յայտնել, որ եթէ հիմա է համայն հայութիւնը, 1915-ի ցեղասպանութեան հետ կապւած, քարոզչութիւն իրականացնում, ապա 2015 թւականին այդ քարոզչութիւնը հասնելու է իր գագաթնակէտին`«լուրջ վնաս հասցնելով Թուրքիային»: Զրուցակիցներն եզրակացրել են, որ իրենց անհրաժեշտ է համախմբւել` «թոյլ չտալու Թուրքիայի համար անցանկալի հետեւանքներ»:

Յիշեցնենք, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին հակազդելու քայլերը Գիւլն աւելի վաղ քննարկել է նաեւ աշխարհի տարբեր երկրներում թուրք դեսպանների հետ: