Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Իտալիայի Պատգամաւորների պալատի «Սալւադորի» սրահում ապրիլի 16-ին տեղի է ունեցել «Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանութիւնից մէկ դար անց» խորագրով համաժողովը՝ կազմակերպւած Պատգամաւորների պալատի Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի անդամների կողմից։
Ողջոյնի խօսքով հանդէս է եկել Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորեա Բաղդասարեանը՝ շնորհակալութիւն յայտնելով պատգամաւորներին ապրիլի 10-ին Պատգամաւորների պալատում Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ որոշման ընդունման համար։ Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային դատապարտման ու ճանաչման գործընթացը շարունակական է, ինչը պէտք է լուրջ ազդակ լինի առ այն, որ այդ հարցում ժխտողական կեցւածքը ոչ մի կերպ չի տեղաւորւում 21-րդ դարի արժեհամակարգային իրողութիւններում:
Նա աւելացրել է, որ այս քայլով իտալական կողմը վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու և դրա համար պատժի մասին կոնւենցիայով ստանձնած իր հանձնառութիւնները և պարտաւորութիւններն ու հաւատարմութիւնը համամարդկային արժէքներին։